Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում մեկ հարց է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ ընտրական օրենսգրքում դիտորդական առաքելությունների մասով:
Ըստ հիմնավորման՝ ներկայացված նախագիծը, մասնավորապես, հստակեցնում է թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար։
«Նախագծում նաև ընդգծվում է դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության թափանցիկության, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը՝ ելնելով այն տրամաբանությունից, որ ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակ ունեցող սուբյեկտները նույնպես պետք է թափանցիկ և հաշվետվողական լինեն հանրության առաջ»,- ասվում է հիմնավորման մեջ։
Մասնավորապես՝ կավելացվի հետևյալ բովանդակությունը. [Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն] «Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն, եւ որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները»:
Նախագիծը նաև հստակեցնում է հավատարմագրման դիմումը Կենտրոնական ընտրականն հանձնաժողով ներկայացնելու կարգը։ Նախագծով տարանջատվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրվող ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար օրենքով սահմանված ժամկետները։
Մասնավորապես՝ սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ։ Նշված կարգավորման անհրաժեշտությունը բխում է ազգային անվտնագության շահերից։
Նախագծով նաև հստակեցվում են դիտորդական առաքելության, հավատարմագրման դիմումի մերժման հիմքերը, ինչպես նաև դիտորդական առաքելության, ինչպես նաև դրանցում ներգրավված դիտորդների հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու հիմքերը, որի նպատակը նույնպես դիտորդական առաքելության քաղաքական չեզոքության չափանիշներին բավարարելու պարտականության ապահովումն է։
«Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է ապահովել ընտրական գործընթացներում դիտորդական առաքելությունների և դրանցում ներգրավված դիտորդների՝ ընտրությունների օրինականության և վստահելիության ապահովմանը նպաստելու առաքելության կյանքի կոչումը, ինչպես նաև՝ բարելավել Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունների գործընթացը դիտարկող դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկության և անաչառության ապահովման օրենսդրական կառուցակարգերը»,- նշվում է հիմնավորման մեջ: