Քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում նոր մեթոդներ կկիրառի | civilnet.am

civilnet.am  Երևանում ձնամաքրման աշխատանքները, չնայած անոմալ առատ տեղումներին, ընդհանուր առմամբ գնահատվել են բավարար, սակայն արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ. Երևանի քաղաքապետարանի հունվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա շեշտել է նոր մեթոդների անհրաժեշտությունը՝ ձնամաքրման գործընթացը ավելի արագ ու արդյունավետ դարձնելու համար։

Ըստ Ավինյանի՝ փորձը ցույց է տվել, որ գիշերային ժամերին տեղացած առաջին ձյան դեպքում քաղաքային ծառայությունները կարողացել են արագ և արդյունավետ արձագանքել․ առավոտյան հիմնական փողոցներն արդեն իսկ անցանելի էին։ Սակայն իրավիճակը զգալիորեն բարդանում է, երբ ձյունը տեղում է ցերեկային ժամերին՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում։

Քաղաքապետը նշել է, որ ինտենսիվ տեղումներից հետո միջինում 24–36 ժամվա ընթացքում ճանապարհները լիովին անցանելի են դառնում, և խնդիրները՝ վերացված։ Սակայն սա այն նշաձողը չէ, որով պետք է բավարարվել։ Հաջորդ փուլում անհրաժեշտ է աշխատել այդ ժամանակահատվածը էականորեն կրճատելու ուղղությամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է նոր տեխնոլոգիաների փորձարկումն ու ներդրումը, ինչպիսին է փողոցներում աղի և ջրի լուծույթի՝ նախօրոք ցանման մեթոդը։

Ավինյանն առանձին ուշադրություն է դարձրել մայթերն ու բակերը։ Նա նշել է, որ մասնավոր հատվածները պարտավոր են պահպանել իրենց դիմացի տարածքների պատշաճ վիճակը, իսկ վարչական շրջանները վերահսկել և անհրաժեշտության դեպքում կիրառել տուգանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն