Մշակվել է շենք-շինությունների անձնագրավորման կարգը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը ներկայացրեց մանրամասներ | armenpress.am

armenpress.am Քաղաքաշինության կոմիտեն մշակել է շենք-շինությունների անձնագրավորման կարգը՝ ներկայացնելով օրինակելի ձևը, որը հաստատվել է Կառավարության կողմից։

Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

«Նշված կարգը շատ կարևոր է այն առումով, որ մեր քաղաքացիները՝ սեփականատերերը, գնորդները, գնահատման ծառայություններ մատուցողները կարողանան հասկանալ, թե իրենց շենքը ինչ սեյսմակայունություն ունի, ինչ հնարավոր բացասական ազդեցություններ ունի, և որոնք են դրանց լուծումները, ինչպիսին է էներգաարդյունավետության մակարդակը։ Նշված բոլոր չափանիշներն ամրագրված են անձնագրում։ Այս պահին Կառավարության որոշման տրամաբանության հիմքում կամավորության սկզբունքն է, սակայն հետագայում մտածում ենք անցնել պարտադիր կիրառության՝ ստեղծելով թվային ռեեստր։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր շենքի մուտքերի մոտ կփակցվեն QR կոդեր, որպեսզի մարդիկ սկանավորումից հետո տեսնեն շենքի տեխնիկական անձնագիրն ու որոշումներ կայացնեն՝ ելնելով դրանում զետեղված տվյալներից»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքաշինության կամիտեի նախագահը տեղեկացրեց, որ ամբողջ շղթան կանոնակարգելու նպատակով հաստատվել է շենք-շինությունների տեխնիկական վիճակի զննության կարգը։ Այդ առումով նույնպես որոշակի տեղեկատվություն կներառվի շենքերի անձնագրերի մեջ։

«Նախորդ տարվա դեկտեմբերին կայացվեց երկար սպասված որոշումներից մեկը։ Կառավարությունը հաստատեց շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականությունը։ Նախկինում Հայաստանն առաջնորդվում էր դեռևս խորհրդային տարիներին՝ 1980-ական թվականներին հաստատված շինարարության գնագոյացման մեթոդաբանությամբ, որն իր հերթին պարբերաբար տարբեր գործակիցների, բանաձևերի միջոցով ճշգրտվում էր, ու գալիս էինք այսօրվա գներին։ Դա չէր համապատասխանում ներկայիս տեխնիկական, տեխնոլոգիական զարգացումներին կամ շուկայի պահանջներին։ Այժմ նոր քաղաքականությունը հաստատված է։ Դրանից բխող գործողությունների ծրագիրը նույնպես հաստատված է՝ ամբողջացնելով փաստաթղթավորման շղթան, ինչի շնորհիվ բոլորն այժմ կառաջնորդվեն իրական շուկայական գներով»,- ասաց Վարդանյանը։

Նա հավելեց, որ սահմանվել է նաև ճարտարապետաշինարարական նախագծերի կազմին վերաբերող պահանջ՝ հստակեցնելով մասնագրի բաժինը, այսինքն՝ եթե նախատեսվում է դպրոցի, բնակելի շենքի կամ որևէ այլ շինության կառուցում, ապա որպես նախագծի առանձին բաժին՝ կից լինելու է մասնագիր, որում ամենայն մանրամասնությամբ նկարագրվելու են օգտագործվող բոլոր նյութերը, սարք-սարքավորումները, որպեսզի գնորդները կամ պատվիրատուները կարողանան պատշաճ վերահսկողություն իրականացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն