arm.sputniknews.ru Իրանը վերացնում է միջազգային ինտերնետ հասանելիության բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։
«Այս պահին վերացվել են ոչ միայն ազգային ինտերնետ հարթակի սահմանափակումները բոլոր ոլորտներում, այլև աստիճանաբար, հունվարի 19-ից սկսած, վերացվում են միջազգային ինտերնետային սահմանափակումները», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` համապատասխան մարմիններին ուղղված նամակում նախագահ Մասուդ Փեզեշքիանը պահանջել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ ինտերնետային շուկան վերականգնելու և միջազգային ինտերնետին հանրության հասանելիությունն ապահովելու համար։ Այս գործընթացն այժմ իրականացման փուլում է։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 3 117 մարդ։
Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող HRANA անկախ մարդու իրավունքների կազմակերպությունը, հաստատել են մոտ 5000 մահվան դեպք։
Bloomberg-ը, հղում անելով Իրանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոյին, հաղորդել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 20 000-ը: