Միգրացիոն ոլորտի բարեփոխումները՝ արդի մարտահրավերներին դիմակայելու ամուր հիմք. ՀՀ-ն ու ԵՄ-ն ամփոփել են համատեղ ծրագրի արդյունքները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունվարի 22-ին մասնակցել է «Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականից մեկնարկած ծրագրի նպատակը միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունն է։

Մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ոլորտի այլ դերակատարներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր գնահատելով Եվրոպական միության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշել է, որ Ծրագրի շրջանակում հաջողվել է վերակազմակերպել միգրացիոն ոլորտի կառավարումը, ստեղծել արդի մարտահրավերներին դիմակայելու ամուր հիմքեր:

Նա ընդգծել է, որ ծառայությունն աջակցություն է ստացել գործունեության բոլոր ուղղություններով, ինչը էականորեն նպաստել է ինստիտուցիոնալ դիմակայության ձևավորմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում արձանագրված շոշափելի արդյունքներին՝ կարևորել է ՆԳՆ կառուցվածքում նոր ծառայության ինստիտուցիոնալացումն ու միգրացիոն գործընթացների լավարկումը։ Ընդգծելով մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ արդյունավետ երկխոսությունը՝ դեսպանը փաստել է, որ այն ներկայումս տարվում է բացառապես Հայաստանի հետ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը նշել է, որ Եվրոպական միության հետ ձևավորված փոխվստահությունը հաստատուն հիմք է համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման համար։

Անդրադարձ է կատարվել Ծրագրի շրջանակում միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ու միգրացիոն ոլորտի թվայնացման գործընթացին վերաբերող հարցերի։

«Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն