armenpress.am Հայաստան-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցման կետը տեխնիկապես հագեցած է և վերազինված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ուղևորների և բեռների սպասարկման համար։
Այս մասին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ։
«Անցակետն ամբողջությամբ վերազինված է և պատրաստ մաքսային ծառայության իրականացման համար։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղակայված են և հագեցած՝ թե՛ ուղևորների, թե՛ բեռների սպասարկման համար։ ՊԵԿ-ն արդեն առանձնացրել է այն աշխատակիցներին, որոնք պետք է մաքսային ծառայություն իրականացնեն տվյալ անցակետում, և սահմանի վերաբացման պարագայում մենք պատրաստ ենք իրականացնել անհրաժեշտ ծառայությունը»,-հավաստիացրեց ՊԵԿ փոխնախագահը։
ՊԵԿ-ի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի խոսքով՝ «Մարգարա» անցակետը լիովին պատրաստ է շահագործման։
«Առկա են ուղևորների ուղեբեռների ֆիզիկական զննության համար անհրաժեշտ ռենտգեն սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգեն սարքեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համապատասխան հսկողություն իրականացնելու սարքավորումներ»,-մանրամասնեց նա։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ Ռոբերտ Ղարսոյանի տեղեկատվությամբ՝ անցակետում ներկայում իրականացվում է 24-ժամյա ծառայություն, և սահմանի վերաբացվելուն պես աշխատակիցները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։