ԱՄԷ-ն դեմ է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելուն | armenpress.am

armenpress.am Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար։

Այս մասին հայտարարություն է տարածել երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրությունների հանձնառությունը ՝ թույլ չտալ իր օդային, ցամաքային տարածքի կամ ջրերի օգտագործումը Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողություններում և հրաժարվում է այդ կապակցությամբ որևէ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը վերահաստատել է նաև այն համոզմունքը, որ երկխոսությունը, դեէսկալացիան, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը և պետական ինքնիշխանության հարգումը ընթացիկ ճգնաժամերի կարգավորման ամենաարդյունավետ հիմքերն են ՝ ընդգծելով վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու ԱՄԷ-ի մոտեցումը:

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում Իրանի ուղղությամբ։ Նա, միաժամանակ, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն