civilnet.am։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա «սխալ» կլինի և կոչ է արել Վաշինգտոնին ու Թեհրանին իրենց խնդիրները լուծել դիվանագիտական և աստիճանական ճանապարհով։
Al-Jazeera-ի հետ զրույցում Ֆիդանը տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում ռազմական ուժ է կենտրոնացնում։
Օրերս ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, հատելով Հնդկական օվկիանոսը, մոտեցել է Պարսից ծոցի մատույցներին։ Շատերը կանխատեսում են Իրանի դեմ ռազմական նոր էսկալացիա, որին Թեհրանը խոստանում է համարժեք պատասխանել։ Սակայն տարածաշրջանի երկրների դիրքորոշումները միանշանակ չեն։ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն են հետաքրքրված հնարավոր էսկալացիայի հեռանկարով, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը։
«Նորից պատերազմ սկսելը սխալ կլինի», – ասել է Ֆիդանը։ Նա նշել է, որ դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է՝ «Իրանը պատրաստ է կրկին բանակցել միջուկային հարցի շուրջ»։
«Իմ խորհուրդն ամերիկացի ընկերներին մշտապես հետևյալն է՝ խնդիրներն Իրանի հետ լուծել մեկ առ մեկ։ Նախ միջուկային հարցը, ապա՝ մյուսները, – ասել է Ֆիդանը։ – Եթե բոլոր հարցերը մեկ փաթեթով դնես, շատ դժվար կլինի մեր իրանցի ընկերների համար այդ ամենը մարսելն ու ընկալելը»։
Ըստ թուրք նախարարի՝ Իրանը կարող է իր «համապատասխան տեղն» ունենալ տարածաշրջանային համակարգում։
«Նրանք պետք է վստահություն ստեղծեն տարածաշրջանում», – ասել է Ֆիդանը և հավելել, որ տարածաշրջանի երկրներից ոչ մեկը ոչ մի տեղ չի հեռանում։