Երևանի քաղաքապետին վերապահվեց լիազորություն բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնման շրջանակում

ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ Երևանի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի թիվ 204-Ն որոշման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավարևմտյան տարածքում (մոտ 81 հա)` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնում:

Նշված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռքբերող ընկերության հետ կնքել պայմանագիր, որը կսահմանի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հաշվի առնելով, որ կենտրոնի հիմնումն իրականացվելու է մասնավոր ներդրումների հաշվին՝ ՀՀ կառավարությունն այս որոշմամբ լիազորում է Երևանի քաղաքապետին ձեռքբերող ընկերության հետ կնքել սահմանված պայմանագիրը:

Քաղաքաշիանական ծրագիրը իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲ ընկերությունները՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:

Ըստ հիմնավորման՝ Երևանի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:

Նշվում է, որ «ներկայում տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները»:

Ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ:

Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝

  • Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն),
  • Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում,
  • Միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում,
  • Համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ,
  • Բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ,
  • Առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն