ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ հանդիպման մասին։
«Այսօր խորհրդարանում ընդունել եմ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի խնդրին և նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Հաշվի առնելով Շվեյցարիայի խորհրդարանի՝ Արցախի հարցով ընդունված բանաձևը, զրույցի ընթացքում անդրադարձել եմ Արցախի դեմ իրականացված ագրեսիային, արցախցիների՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ոտնահարմանը և արցախցիների բռնագաղթին։
Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման տեսանկյունից խոսել եմ Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ 2021–23 թթ․ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի խնդրին»,- ասված է գրառման մեջ։