Հունվարի 29-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում առկա ընդգծված պատրաստակամությունը։
Նախարար Միրզոյանը պատասխանել է միջազգային, տարածաշրջանային զարգացումներին, խառնածին սպառնալիքներին և դրանց արդյունավետ հակազդման ուղղությամբ գործադրվող ջանքերին առնչվող հարցերի։ Պատգամավորները բարձր են գնահատել խաղաղության օրակարգի, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած հանձնառությունն ու դերակատարումը։