civilnet.am Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։ Այս մասին հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ Երևանի ակնկալիքներին։
Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Զախարովան հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերության եզակի փորձառությունը։
Նա ընդգծել է, որ մինչև վերջնական որոշումների կայացումն անհրաժեշտ է մանրակրկիտ ծանոթանալ նախաձեռնության իրականացման և գործառնության բոլոր մանրամասներին, քանի որ դրա մշակումը դեռևս գտնվում է նախնական փուլում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ուժի մեջ է Մոսկվայի առաջարկը՝ Երևանի հետ անցկացնել առարկայական խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։
Զախարովան շրջանցել է կոնցեսիոն պայմանագրից երկաթուղային հատվածների հնարավոր հետկանչի մասին լրագրողի հարցադրմանը, որը վերաբերում էր վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։