armenpress.am Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի ուղղությամբ հասցնելով ավիահարվածներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրներին և ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի քաղաքականությունը, որը միտված է հրադադարի համաձայնագրի խափանմանը։
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին է մեղադրել հրադադարի խախտման մեջ։ Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռաֆահի արևելքում հայտնաբերվել են ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքից դուրս եկող ութ զինյալներ, ինչից հետո գիշերվա ընթացքում և մինչ այժմ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան Իսլամական ջիհադի չորս հրամանատարների և այլ զինյալների ուղղությամբ։
Իսրայելական կողմի տեղեկացմամբ՝ հարվածներ են հասցվել նաև զենքի պահեստի, զենքի արտադրության օբյեկտի և ՀԱՄԱՍ-ի երկու արձակման կայանների՝ Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունները համակարգված կերպով խախտում են միջազգային իրավունքը՝ օգտագործելով քաղաքացիական ենթակառուցվածքները և գործելով խաղաղ բնակչության ներկայությամբ։
Իսրայելական կողմը նշել է, որ լրջորեն են վերաբերվում համաձայնագրի ցանկացած խախտման և կշարունակեն գործողությունները՝ Իսրայելի ուժերի և քաղաքացիների դեմ ահաբեկչական ծրագրերի կանխման ուղղությամբ։
Ըստ վերջին տվյալների՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 29-ի։