civilnet.am Միացյալ Նահանգների կողմից սկսված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Tasnim-ը:
Զգուշացումը հնչել է տարբեր ոլորտների հազարավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի Իրան պատմական վերադարձի տարեդարձի և Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակին նվիրված տասնօրյա լուսաբացի (Ֆաջր տասնամյակ) տոնակատարությունների մեկնարկի կապակցությամբ։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, դա կլինի տարածաշրջանային պատերազմ», – հայտարարել է Խամենեին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։
Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։