Հայաստանի կապերի դիվերսիֆիկացումը չի նշանակում համագործակցության դադարեցում դաշնակիցների հետ․ Լավրով | civilnet.am

civilnet.am  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ։

Նախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը բացահայտորեն ներկայացնում է Երևանի և ԵՄ-ի մերձեցման վերաբերյալ իր գնահատականները՝ հավելելով, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի «իբր բարի մտադրությունների» հետևում սառը հաշվարկ է կանգնած։

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Արևմուտքի համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անխզելիորեն կապված է, ընդամենը պոտենցիալ «ցավոտ կետ» է, որի վրա ճնշում գործադրելով՝ փորձում են վնասել իրենց երկրին։

Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներին համապատասխանեցում՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Վարչապետի պարզաբանմամբ՝ քանի դեռ հնարավոր է համատեղել այդ գործընթացները, Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ երբ դա անհնար դառնա, որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կամքի ազատ արտահայտմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն