2026թ․ փետրվարի 1ին Երևանում կայացավ «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին շուրջ 500 քաղաքացիներ՝ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել շարժումը։ Հաղորդագրության մեջ ասված է․
«Համագումարին մասնակցեցին շարժման անդամներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հյուրեր։ Համագումարի ընթացքում շարժման հիմնադիրների կողմից պաշտոնապես հիմնադրվեց «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը։
Համագումարի ընթացքում ներկայացվեց շարժման նպատակը և քաղաքական օրակարգը, անդամակցության և հանրային ներգրավման մեխանիզմները, ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը և դրանց իրականացման քայլերը, ինչպես նաև ընտրողների մասնակցության խթանմանը միտված առաջնահերթությունը:
Շարժումը հրապարակեց ընտրական համակարգի բարեփոխման հստակ ճանապարհային քարտեզ՝ ընդգծելով 3 առանցքային օրենսդրական փոփոխություն․
Կայուն մեծամասնության չեղարկում,
1% անցողիկ շեմի սահմանում,
«Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։
Շարժման ռազմավարությամբ նախատեսվում է մասնակցություն 2026 թվականի ընտրություններին և նշված օրակարգի շուրջ առավելագույնը 100-օրյա անցումային կառավարության ձևավորում։ Այդ ընթացքում նպատակ է դրված իրականացնել նշված օրենսդրական փոփոխությունները, որից հետո նշանակել արտահերթ ընտրություններ, չմասնակցել ընտրություններին, ապահովելով ընտրություններ առանց վարչական ռեսուրսի չարշահման, և լուծարել կուսակցությունը։
Համագումարի արդյունքում Բոլորին դեմ եմ շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր անդամները բաց քվեարկությամբ որոշեցին հիմնել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, հաստատեցին կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաև ընտրեցին ղեկավար մարմիններ: Համագումարի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան շարժման անդամների և համակիրների հետ»: