Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև (Լեռնային՝ խմբ.) Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ. «Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի»: