Փետրվարի 3-ին Տոկիոյում Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իշիկավայի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ԱԳ նախարարությունից հայտնում են՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային, զբոսաշրջային և հումանիտար ոլորտներում առկա երկխոսությանը՝ կարևորելով նշված ոլորտներում հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է նախորդ տարի երկու երկրների վարչապետների միջև կայացած հանդիպումը և երկկողմ այցերի շարունակականության կարևորությունը։
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ են արձանագրել բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցության դրական դինամիկան։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման շրջանակներում համագործակցության հնարավորությանը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ, ինչի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու ընթացիկ գործընթացները։