Հայաստանի կառավարության գործողությունները Եկեղեցու դեմ անընդունելի են և կործանարար․ FOREF Europe | civilnet.am

civilnet.am  «Եվրոպայի կրոնական ազատության ֆորում» (Forum for Religious Freedom Europe-FOREF Europe) կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում միջազգային փորձագետները խստորեն դատապարտում են Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները՝ դրանք որակելով որպես կրոնական ազատության և սահմանադրական կարգի կոպիտ խախտում։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում պետություն-եկեղեցի հարաբերությունները հասել են ճգնաժամային կետի, քանի որ իշխանությունները ձեռնարկել են եկեղեցու ինքնավարությունը սահմանափակող աննախադեպ քայլեր, այդ թվում՝ բանակում հոգևոր սպասավորության ծրագրի լուծարումը, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ելքի արգելքների կիրառումը և եկեղեցականների նկատմամբ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումները։

FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ այս գործելակերպն անընդունելի է իրավական, քաղաքական ու էթիկական առումներով և կործանարար է ողջ ազգի համար, իսկ Վաշինգտոնում ընթացող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակներում փորձագետները պետական այս միջամտությունը համեմատել են խորհրդային դարաշրջանի բռնաճնշումների հետ՝ պահանջելով դադարեցնել հալածանքները և ազատ արձակել կալանավորված հոգևորականներին ու եկեղեցու բարերարներին։

Այս մտահոգիչ զարգացումների ֆոնին իրավապաշտպան խմբերը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ով 2026-ի փետրվարին նախատեսված այցով լինելու է տարածաշրջանում,  հորդորում են միջամտել, որպեսզի վերջինս իր հանդիպումների ժամանակ բարձրացնի եկեղեցու դեմ իրականացվող արշավը դադարեցնելու և կալանավորված հոգևորականներին ազատ արձակելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն