Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին եվ «Իմ քայլը» հիմնադրամին

Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Ովքե՞ր են այս գործարարները, մաքսատուրքի որքա՞ն արտոնություններ են ստացել և ինչքա՞ն գումար են նվիրաբերել։ 

Երկու խոշոր գործարար շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը

2015 թվականից սկսած՝ Կառավարությունը պարբերաբար խրախուսում է որոշակի ոլորտներում ներդրումներ կատարող ընկերություններին՝ նրանց ազատելով մաքսատուրքի վճարներից։ Այդ արտոնությունից օգտվելու համար գերակա ոլորտներ են սահմանվել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, տեխնոլոգիաները և կապը, զբոսաշրջությունը, էներգետիկան, առողջապահությունը և 2024-ից նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը։ Ընկերությունները կարող են դիմել արտոնություն ստանալու համար, եթե ներկրվող հումքը կամ այլ պարագաները նախատեսում են օգտագործել միայն Հայաստանում։

Կառավարությունը 2023-2025 թվականների ընթացքում 214 անգամ մաքսատուրքերից ազատման արտոնություն է տրամադրել 202 ընկերությունների։ Դիտարկված ժամանակահատվածում ընկերությունները կառավարությունից ստացել են ավելի քան 149 մլրդ դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություններ՝ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։ 

Արտոնություն ստացած մեծ թվով ընկերությունների սեփականատերերն են Հայաստանում հայտնի բիզնեսմեններ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող և վերջիններիս փոխկապակցված անձինք։ 

2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է։

Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին, պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2025-ի դեկտեմբերին կառավարությունից 23,8 մլրդ դրամի արտոնություն է ստացել՝ 31,1 մլրդ դրամի հումքի ներմուծման համար, որը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրությունում։ Սա ամենախոշոր մաքսային արտոնությունն է, որ վերջին երեք տարում կառավարությունը որևէ ընկերության շնորհել է։ Ալեքսանյանը տարիներ ի վեր Հայաստանում շաքարի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր ներմուծողն է։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Ալեքսանյաններին պատկանող 7 ընկերություն 8 անգամ ստացել է մաքսային արտոնություն։ Արտոնությունների չափը միասին կազմել է շուրջ 26 մլրդ դրամ` տրամադրված բոլոր արտոնությունների 17.15%-ը։  Հայտնի գործարարը արտոնություններ է ստացել ամենատարբեր ոլորտներում ներդումներ կատարելու համար, այդ թվում՝ վարդերի աճեցման, հագուստի, ծխախոտի, պարկերի, տոպրակների և մետաղական արկղերի արտադրության համար։ Այս ընկերություններից չորսը ընդգրկված են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում։

Թեև արտոնություն ստացած այս ընկերություններից որևէ մեկը նվիրատվություն չի կատարել, սակայն Ալեքսանյան ընտանիքին պատկանող մեկ այլ բիզնես՝ «Մոբայլ Սենթր» խանութների ցանցը 2025 թվականին 10 000 000 դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։

«Լեքս տոբակո քոմփանին» զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և 2023-ի հունիսին 1․2 մլրդ դրամի արտոնություն է ստացել։ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներից հերթականը՝ «Ալեքս տեքստիլը», ընտրված ժամանակահատվածում երկու անգամ ազատվել է մաքսատուրքի վճարից՝ 173 մլն և 109,6 մլն դրամի չափով՝ հագուստի արտադրության համար։ Բոլորովին վերջերս` 2025-ի հունիսին, Սամվել Ալեքսանյանի դուստր Լուսինե Ալեքսանյանը հիմնել է «Ռոսե գարդեն» ընկերությունը, որը զբաղվում է վարդերի աճեցմամբ, և հիմնադրումից ընդամենը երկու ամիս անց 57 մլն դրամի արտոնություն է ստացել Գեղարքունիքում ջերմոց կառուցելու նպատակով 1․1 մլրդ դրամի ներդրում կատարելու համար։ Ալեքսանյաններին պատկանող արտոնություն ստացած մյուս ընկերություններն են «Լա պլաստը», «Տեքսաս փրոդաքշընը», և «Ալեքս ֆաբրիկան»։ 

Վարդանյան եղբայրներին պատկանող ընկերությունները դիտարկվող ժամանակահատվածում կառավարությունից ավելի քան 27 մլրդ դրամի մաքսային արտոնություններ են ստացել (ընդհանուրի 18.2%-ը)։ Հայաստանի խոշորագույն ընկերություններից «Գրանդ քենդին» 2023-ի հուլիսին 8.2 մլրդ դրամի արտոնություն է ստացել հրուշակեղենի արտադրության նպատակով ներմուծված հումքի համար։ «Գրանդ քենդին» նախորդ տարի Հայասատանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 37-րդն էր։ 

Արտոնություններ են ստացել նաև Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները՝ 8.6 մլրդ և 8.5 մլրդ դրամի չափով։ Այս ընկերությունները միասին ներմուծել են 350.5 մլրդ դրամի հումք՝ նախատեսված ծխախոտ արտադրելու համար։

Գործարարներին պատկանող՝ արտոնություն ստացած մյուս ընկերությունն էլ «Գրանդ մաստերն» է, որը ստացել է 1,9 մլրդ դրամի արտոնություն։ 

Մաքսային արտոնություն ստացածների ցուցակում 3-րդ և 4-րդ տեղերում են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կաթ» և «Թամարա» ընկերությունները։ «Ոսկե կաթը» կաթնամաթերքի արտադրության նպատակով 78.7 մլրդ դրամի հումքի ներմուծման համար ստացել է 11.8 մլրդ դրամի արտոնություն։ «Թամարան» կարագի արտադրության համար ներմուծել է 59․5 մլրդ դրամի հումք և ստացել 8.9 մլրդ դրամի արտոնություն։ 

Մաքսային արտոնություն ստանալու համար ընկերությունները իրենց ներկայացրած հայտերում պարտավոր են նշել, թե տվյալ ժամանակահատվածում որքան աշխատատեղեր են նախատեսում ավելացնել։ Այս տեղեկությունների մասին պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրենք որևէ վերահսկողական գործառույթ չունեն, այլ իրականացնում են միայն մոնիթորինգ, հետևաբար ընկերությունների ներկայացրած թվերը հավելյալ չեն ստուգում և ընդունելով ի գիտություն՝ փոխանցում են Պետական եկամուտների կոմիտե։ 

Էկոնոմիկայի նախարարություն հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 13 ընկերություններ, որոնց մի մասի արտոնությունների ժամկետը լրացել է 2025-ին, մյուս մասինը կլրանա 2026-ին, քանի աշխատատեղ են ստեղծել մինչ այս պահը։ Նախարարությունից տեղեկացրին, որ նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ այդ ընկերությունները ստեղծել են ընդհանուր 234 նոր աշխատատեղեր։ Ըստ հայտերում ներկայացված տվյալների՝ այդ ընկերությունները մինչև այս տարեվերջ պետք է ստեղծեն 660 աշխատատեղեր։ Նախարարությունից հրաժարվեցին մեզ յուրաքանչյուր ընկերության համար առանձին տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Մինչդեռ այդ տեղեկությունը մեզ թույլ կտար հասկանալ, թե արդյոք այդ ընկերություններից յուրաքանչյուրը կատարել է աշխատատեղերի ավելացման պարտավորությունները։ 

Ովքեր և որքան գումար են փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին»

Վերջին տարիներին արտոնություն ստացած մի շարք գործարարներ միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ 

12 150 420 ՀՀ դրամ. 2023-2024 թթ․ այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացածները նվիրատվություն կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նվիրատուների վերաբերյալ բավարար տվյալների բացակայության պատճառով ոչ բոլորին է հնարավոր նույնականացնել։

«Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել արտոնություն ստացած 11 ընկերությունների 13 սեփականատերերի և տնօրենների, որոնք նվիրատվություններ են կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտոնությունը ստանալուց առաջ կամ հետո։ Մեծ հավանականությամբ այս թիվն ավելի մեծ է, քանի որ կուսակցությունը հրապարակում է նվիրատուների միայն անուն-ազգանունները, ինչը տարածված անունների դեպքում անհնար է դարձնում մարդկանց նույնականացումը։ 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ նվիրատուների միայն անուն-ազգանունները հրապարակելը լուրջ խնդիր է, ինչը ստեղծում է թվացյալ թափանցիկության պատկեր։

«Թափանցիկությունը, եթե չի զուգակցվում հաշվետվողականության, մասնակցության հետ, դառնում է մի շատ վտանգավոր և ապակողմնորոշող բան, որի քողի տակ շատ ավելի կարևոր բաներ թաքցվում են։ Օրինակ` անուն-ազգանունները բաց հրապարակում են, բայց կան անուն-ազգանուններ, որոնք հարյուրներով կարող են լինել Հայաստանում։ Էլ ի՞նչ թափանցիկության մասին է այստեղ խոսքը։ Հարցը պետք է ավելի լուրջ դրվի, թե չէ, եթե այդպես է, ընդհանրապես ոչ մի բան թող չհրապարակեն։ Մինչդեռ ավելի նորմալ երկրներում նույնիսկ նվիրատուների հասցեներն են նշվում»։

Վարուժան Հոկտանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ հաշվի առնելով գործընթացի թափանցիկության վերաբերյալ մտահոգությունները՝ 2026-ից սկսած, բացի անուն-ազգանունից, ավելացվել է նաև հայրանուն դաշտը, որը սակայն պարտադիր լրացման ենթակա չէ և կախված է կուսակցության հայեցողությունից։

2023 թվականի հուլիսի 31-ին Վլադիմիր Վրեժի Պողոսյանը, որն այդ պահի դրությամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենն էր, 2 500 000 դրամ նվիրատվություն է կատարել ՔՊ-ին կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Մի քանի շաբաթ անց՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության որոշմամբ «Ջերմուկ գրուպը» ազատվել է 102․6 մլն դրամ մաքսատուքի վճարից՝ 8․3 մլրդ դրամի հումքի և սարքավորումների ներմուծման համար։ 

Ընկերության սեփականատերն է Վահագն Արսենյանը՝ գործարար Աշոտ Արսենյանի որդին, որը 2025-ի հոկտեմբերին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ դրանից առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարն էր։ 

Վլադիմիր Պողոսյանը ընկերության տնօրենի պաշտոնը թողել է 2025 թվականի օգոստոսին, մինչ այդ նա Արսենյանների ընտանիքին պատկանող «Բյուրեղ բանկելի թաղամաս», «Ջերմ մայր» և այլ ընկերություններում ևս զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ «Ջերմուկ գրուպը» նախկինում ևս կառավարությունից մաքսատուքից ազատման արտոնություններ է ստացել (1, 2, 3

Նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ 48․6 մլն դրամի չափով մաքսատուքից ազատման արտոնություն է ստացել «Պակ Պեն» ՍՊԸ-ն՝ 773 մլն դրամ արժողությամբ հումքի ներմուծման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր նաև իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում։ 

Արտոնությունը ստանալուց մի քանի շաբաթ առաջ՝ 2023-ի հուլիսի 31-ի  դրամահավաք-երեկոյի ընթացքում, ընկերության միակ սեփականատեր և տնօրեն Էդգար Միքաելի Հովհաննիսյանը 2․2 մլն դրամի նվիրատվություն էր կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Էդգար Հովհաննիսյանը 2025-ի նոյեմբերի 26-ից դուրս է եկել ընկերությունից։ «Պակ Պեն» ՍՊԸ-ն արտոնություն է ստացել նաև 2017 թվականին։

Արտոնություն ստացած «ՔՊ» մյուս խոշոր նվիրատուն Ժորա Վարդանյանն է՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի 10% բաժնտերը և ընկերության հիմնադիր Տիգրան Վարդանյանի որդին։ Ընտանիքին է պատկանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ապրանքանիշը։ Ժորա Վարդանյանը կուսակցության 2023 թ. դրամահավաք-երեկոյի ընթացքում 2 մլն դրամ նվիրատվություն է փոխանցել։ Դրանից մեկ տարի առաջ ընկերությունը կառավարությունից 2.7 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացել։ 

Հաջորդ արտոնությունը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ստացել է 2025-ի փետրվարի 13-ին՝ 750 մլն դրամի չափով։ Ընկերությունը սերուցքային կարագի, կաթնային յուղի և կաթնամթերքի արտադրության համար 5 մլրդ դրամի հումք է ներմուծել՝ նշելով, որ մինչև 2027 թվականը պետք է ստեղծի 50 նոր աշխատատեղ։ 2025-ի ապրիլին ՍԱՏՄ-ն ստուգայց էր կատարել ընկերության կաթնամթերքի արտադրամաս և սահմանված նորմերին չհամապատասխանելու հիմքով կասեցրել «Կարագ սերուցքային 82․5»-ի արտադրությունը։ Յոթ ամիս անց ՍԱՏՄ-ն արգելքը վերացրել է։ Ընկերությունը նախկինում ևս ստացել է մաքսատուքից ազատման արտոնություններ (1, 2, 3

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ մեծ է նաև կառավարող ուժին և մյուս կուսակցություններին արված նվիրատվությունների միջև եղած անհամաչափությունը, ինչը նույնպես խնդրահարույց է։

«Իրապես ժողովրդավար երկրներում, երբ ուսումնասիրում ես կուսակցությունների նվիրատվությունների ցուցակները, տեսնում ես, որ խոշորների դեպքում դրամական հոսքերը գրեթե միանման են, բայց մեր երկրի դեպքում այս ասիմետրիան չափազանց մեծ է։ Նույն այդ ընկերությունները, որ նվիրատվություններ են անում «ՔՊ»-ին, մյուս կուսակցություններին կանե՞ն։ Հիշում եմ՝ դեռևս 2008 թվականին, երբ տարբեր ընկերություններ նվիրատվություններ էին արել Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին, հետո կանչվել էին ԱԱԾ, ինձ դա հենց կուսակցության ներսից էին պատմել։ Հետո շատ բիզնեսներ, որ նվիրատվություն էին արել, փակվեցին։ Այսինքն, եթե դու նման պրակտիկա արդեն ունես քո երկրում, բնականաբար, կխուսափես այլ ուժերի ֆինանսավորելուց»։

Դրամահավաք-երեկոյի մյուս նվիրատուն Արվին Նազարյանն է։ Նա «ՔՊ»-ին է փոխանցել 1 մլն դրամ։ Արվին Նազարյանը «Նազարյան քուլինգ սիսթեմսի» 100% բաժնետերն է և տնօրենը։ Ընկերությունը կառավարությունից 50 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 2024-ի մայիսի երկուսին։ ԸՆկերությանն արտոնությունը տրվել է 417․3 մլն դրամի սարքավորումների ներմուծման համար, որոնք նախատեսվում էր օգտագործել բետոնի արտադրության համար, սակայն, ըստ ՊԵԿ-ում և ընկերության կայքում եղած տվյալների, «Նազարյան քուլինգ սիսթեմսը» զբաղվում է սառեցնող և օդափոխիչ ոչ կենցաղային սարքավորումների արտադրությամբ, և որևէ խոսք չկա բետոնի արտադրություն իրականացնելու մասին։ Արվին Նազարյանը բաժնեմասեր ունի նաև այլ ընկերություններում, այդ թվում՝ «Շավ» ՍՊԸ,  «Նազարյան բետոն» ՍՊԸ և «Լաբորա պլաստ» ՍՊԸ։

Դմիտրի Ալեկսեյենկոն նույնպես 1 մլն դրամ նվիրատվություն է փոխանցել «ՔՊ»-ին դրամահավաքի ժամանակ։ Դմիտրի Ալեկսեյենկոյին պատկանող «Բերրիմաունթ» ընկերությունը 2023-ի ապրիլին 49․5 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից։ «Ազատություն» ռադիոկայանի հոդվածի համաձայն՝ Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընկերներ են։ 2023 թվականին «Բերրիմաունթը» 960 մլն դրամի չափով ներդրում է ստացել այլևս չգործող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից»​​։ Արտոնությունը ընկերությանը տրվել է ելակի ջերմոցներ հիմնելու համար։ 

«Պրինտարմ դանվեստ» ընկերության բաժնետեր Անդրանիկ Բախտավորյանը 2024-ի դեկտեմբերին 1․5 մլն դրամ նվիրատվություն է արել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Պրինտարմ դանվեստը» 2023-ին արտոնություն ստացած ընկերությունների շարքում է․ այն ազատվել է 830 մլն դրամ մաքսատուրքի վճարից։ 16․5 մլրդ դրամի ներմուծված հումքը նախատեսվում էր օգտագործել խմիչքի, ծխախոտի, անձեռոցիկի տուփերի արտադրության համար։ Այս ընկերությունը նախկինում նույնպես կառավարությունից արտոնություններ ստացել է (1, 2)

Վարուժան Հոկտանյանը նշում է նաև, որ գործարարների այս նվիրատվությունները հիմնականում ոչ թե առատաձեռնություն են, այլ՝ հաշվենկատ քայլ՝ իրենց և իրենց բիզնեսները ապահովագրելու համար։

«Մեր գործարարները միամիտ չեն, նրանք հենց այնպես որևէ մեկին գումար չեն տա։ Եթե այսօր այսպիսի ծախսեր են անում, ապա դա հետագայում իրենց անախորժություններից և ավելի մեծ ծախսերից ազատելու համար է»։

«Սպայկա» ընկերությունը տարբեր տարիների ստացել է մաքսատուրքից ազատման բազմաթիվ արտոնություններ։ Ընկերության միակ սեփականատեր և տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանը ՔՊ-ի դրամահավաքի ժամանակ 500 հազար դրամ է փոխանցել կուսակցությանը։ Վերջին անգամ ընկերությունը արտոնություններ ստացել է 2025-ի ապրիլին և 2023-ի նոյեմբերին՝ 4․4 մլրդ և 2․6 մլրդ դրամի չափով։ «Սպայկան» ներմուծված հումքը նախատեսում էր օգտագործել կաթնամթերքի արտադրության և ջեմոցային տնտեսության հիմնման համար։ Ընկերությունը հանրության շրջանում առավել հայտնի է որպես գյուղատնտեսական արտադրանքներ արտահանող ընկերություն։

«Հայտնի լատինական ասացվածքն է գործում այստեղ՝ quid pro quo, նշանակում է՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ»․ ես քեզ տալիս եմ արտոնություն, դու ինձ ֆինանասավորում ես։ Ընդ որում չեմ կարծում, որ այս ցանկում եղած ընկերությունները միակն են, քանի որ շատերն էլ այլ կերպով են իրենց աջակցությունը ցույց տալիս, որ մենք չենք տեսնում, օրինակ, եթե կառուցապատող է, կարող է ավելի էժան գնով բնակարանը վաճառել և այլն,- ասում է Վարուժան Հոկտանյանը, ապա հավելում,- Տնտեսվարող-իշխանություն այս կապը դասական մոդել է, որը, ցավոք, դեռ պահպանվում է»։

Կուսակցության մյուս նվիրատուն Գարիկ Աթայանն է, նա 2023 օգոստոսի 1-ին ՔՊ-ին է փոխանցել 500 հազար դրամ։ Գարիկ Աթայանը «Գարատ» ընկերության 100% բաժնեմասերի սեփականատերն է։ Այս ընկերությունը 2023 հունվարին՝ նվիրատվությունից ամիսներ առաջ, 2 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից։ 18,1 մլրդ դրամի հումքի ներմուծման արտոնությունն ընկերությանը տրվել է ծխախոտի արտադրության համար։ «Գարատ» ՍՊԸ-ի մասին համացանցում տեղեկություն գրեթե չկա։

Կուսակցության հաջորդ նվիրատուն Ստանիսլավ Բեկովն է, նա 400 հազար դրամ է փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին» 2023 թ․ հուլիսի 31-ի դրամահավաքի ժամանակ։ Բեկովը «Արսենալ ԼՏԴ» ընկերության 23.5% բաժնետերն ու տնօրենն է։ Զենքի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 2025-ին մաքսատուրքից ազատման երկու արտոնություն է ստացել՝ 20 մլն և 131 մլն դրամի չափով։ Բելառուսի և Հայաստանի քաղաքացի Բեկովը ընկերությունը հիմնադրել է 2017-ին և նույն տարում էլ ստացել զենքի արտադրման լիցենզիա, իսկ 2020-ին Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այդ գործարանում։

Ընկերության ֆինանսական տնօրեն Սուրեն Գալստյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ ընկերությունը առանձնապես ակտիվ ներգրավված չէ քաղաքական պրոցեսներում, սակայն ինչպես աշխատակիցները, այնպես էլ հիմնադիր-տնօրենն ազատ են իրենց քաղաքական և այլ հայացքների հարցում։

«Ամեն դեպքում, երկրում որոշակի գործընթացներ դրական գնահատելով, նման ձև նա իր ներգրավվածությունն է ցուցաբերել, քանի որ մենք որևէ այլ ձևով ներգրավված չենք  քաղաքական գործընթացներում»,- ասում է Գալստյանը։

ՔՊ-ի հաջորդ նվիրատուները Խաչիկ և Ավետ Հայրապետյան եղբայրներն են։ Նրանցից յուրաքանչյուրը 200-հազարական դրամ է փոխանցել կուսակցությանը։ Խաչիկ Հայրապետյանը «ԱՐՏ ՊԼԱՍ» ընկերության իրական շահառուն է։ Այս ընկերությունը 2024-ի հուլիսին 185 մլն դրամի արտոնություն է ստացել կառավարությունից՝ պոլիէթիլենային խողովակների արտադրության նպատակով 2․84 մլրդ դրամի հումք ներմուծելու համար։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2027 թվականը ստեղծել 27 նոր աշխատատեղ։

«Հետքը» գրել էր, որ Արտաշատ համայնքի հայտարարած գնման մրցույթներում պարբերաբար հաղթող է ճանաչվել համայնքի ավագանու անդամի ընկերության և «Արտ պլաս» ՍՊԸ-ի կոնսորցիումը։ Խաչիկ Հայրապետյանը նույնպես Արտաշատ համայնքից է։ 

Այն, որ նվիրատու գործարարները կարող են գաղափարական համակրանք ունենալ կուսակցության նկատմամբ, ինչով էլ պայմանավորված լինեն նվիրատվությունները, Վարուժան Հոկտանյանին այնքան էլ համոզիչ չի թվում։

«Ես գրեթե բառացում եմ, որ գործարարները դա անում են՝ ելնելով կուսակցության նկատմամբ գաղափարական համակրանքից։ Իհարկե, իրավունք չունեմ ասելու, որ այդպիսիք չկան, բայց խիստ մեծամասնության դեպքում այդպես չէ։ Նույն այդ մարդիկ գուցե ժամանակին էլ երդվյալ հանրապետականներ էին, հիմա, որպեսզի իրենց հանգիստ թողնեն, նվիրատվություններ են անում «ՔՊ»-ին այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ին։ Հայաստանի նման երկրում շատ կարևոր է, որ քեզ լավ աչքով նայեն, հակառակ դեպքում կարող են հանգիստ փակել բիզնեսդ։ Գործարարն էլ մտածում է՝ ինչու ինքը գաղափարական համակրանք ունենա իշխանությունների նկատմամբ, այսօր նրանք են, վաղը՝ մյուսները»։

«ԱԱՍ Ինդուստրյա» ՍՊԸ-ն 2024-ի ապրիլին կառավարությունից ստացել է 517 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն տարբեր տեսակի թղթի արտադրության նպատակով 9․55 մլրդ դրամի հումք ներմուծելու համար։ Ընկերության բաժնետերեր Սարգիս Վարդումյանը և Արամ Ստեփանյանը կուսակցությանն են փոխանցել 60 հազարական դրամներ։ Պետական տարբեր գերատեսչություններ այս ընկերությունից պարբերաբար ձեռք են բերում գրենական և այլ պարագաներ։ «ԱԱՍ Ինդուստրյա» ՍՊԸ-ն նախկինում նույնպես արտոնություններ ստացել է (1, 2

«Իմ քայլը» հիմնադրամի գործարար նվիրատուները

95 000 000 ՀՀ դրամ. 2023-2025 թթ․ այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացած գործարարների ընկերությունները նվիրաբերել Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Սրանք միայն այն նվիրատուների նվիրատվություններն են, որոնց մենք կարողացել ենք նույնականացնել․ ցանկում կան նաև անանուն նվիրատուներ։

Ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նվիրատվությունների՝ «Իմ քայլը» հիմնադրամի դեպքում արտոնություններ ստացած գործարարները շատ ավելի շռայլ են գտնվել և կատարել են առավել խոշոր չափով նվիրատվություններ։ 

2023-2025 թթ․ կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն են ստացել և նույն ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն են կատարել «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, «Պրինտարմ դանվեստ» ՍՊԸ-ն, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, «Սան ֆուդ» ՍՊԸ-ն, «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, «Արսենալ լտդ» ՍՊԸ-ն, «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (արտոնություն են ստացել Ալեքսանյան ընտանիքին պատկանող այլ ընկերություններ), «Շինվեկտոր» ՍՊԸ-ն (արտոնություն ստացել է վերջին ընկերության բաժնետիրոջ մյուս ընկերությունը՝ «Գրին սոլուշնսը»)։ Նշված որոշ ընկերություններ ընտրված ժամանակահատվածում ստացել են մեկից ավելի արտոնություններ։

Արտոնյալ ընկերություններից «Իմ քայլը» հիմնադրամին ամենաշատ նվիրատվությունները կատարել է «Արսենալ լտդ» ՍՊԸ-ն՝ ընդհանուր 30 մլն դրամի չափով։ Զենքի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 2025-ին մաքսատուրքից ազատման երկու արտոնություն է ստացել՝ 20 մլն և 131 մլն դրամի չափով։ «Արսենալ լտդ» ՍՊԸ-ն հիմնադրվել և զենքի արտադրման լիցենզիա է ստացել 2017 թվականին։ Ընկերության հիմնադիր և տնօրեն Ստանիսլավ Բեկովը, հիշեցնենք, նվիրատվություն էր արել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ներմուծված հումքը, որի համար տրվել են արտոնությունները, նախատեսվում էր օգտագործել մետաղի մշակման և հիմնական արտադրատեսակների համար։ 

Ընկերության ֆինանսական տնօրեն Սուրեն Գալստյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ «Իմ քայլը» հիմնադրամին արված նվիրատվությունները որևէ կերպ պայմանավորված չեն ստացած արտոնությունների հետ։

«Այս երկու հանգամանքները իրար հետ բացարձակ կապ չունեն։ Մենք բարեգործական միջոցառումներ կազմակերպելու էլի փորձեր ենք ունեցել, ուղղակի ավելի քիչ հայտնի հիմնադրամներ են եղել, ուշադրություն չի գրավել․ սա մեր ընկերության սոցիալական քաղաքականությունն է»,- ասում է Սուրեն Գալստյանը։ 

Հիմնադրամի մյուս առատաձեռն նվիրատուն «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն է։ Այս ընկերությունը 2023-2025 թվականների ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել ընդհանուր 20 մլն դրամ։ Ինչպես արդեն վերը նշել ենք, 2․5 դրամի մեկ նվիրատվություն էլ ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը  փոխանցել էր ՔՊ-ին կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Արսենյանների ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն նախկինում ևս կառավարությունից մաքսատուքից ազատման արտոնություններ է ստացել (1, 2, 3)։ 

«Ֆարմատեք» ընկերությունն իր հերթին 10 մլն դրամի նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։ Դեղագործական այս ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և պատկանում է բրիտանահայ բարերար Վաչէ Մանուկյանին։ «Ֆարմատեքը» կառավարությունից 2024-ի ապրիլին 155.6 մլն դրամի մաքսային արտոնություն է ստացել՝ 3 մլրդ դրամի դեղագործական պարագաներ ներմուծելու համար։ Վաչէ Մանուկյանը բաժնետեր է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ-ում, որի մյուս բաժնետերն է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը։ 

«Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն 2025-ին 10 000 000 դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։ Ալեքսանյան ընտանիքին պատկանող այս ընկերությունը, թեև որևէ արտոնություն չի ստացել նշված ժամանակահատվածում, սակայն, ինչպես վերը նշել ենք, Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսներին է բաժին հասել ընդհանուր արտոնությունների զգալի մասը։ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն Հայաստանի 2025 թվականի խոշորագույն հարկատուն է։ Ընկերության աճը հիմնականում պայմանավորված է ռուսաստանյան շուկա տեխնիկայի արտահանմամբ։

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Կիլիկիա») 10 մլն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին 2023-2024 թվականների ընթացքում (հիմնադրամի կայքում հստակ տարեթիվը նշված չէ)։ Այս ընկերության հավասար բաժնետերերն են նախկին պատգամավորներ, ՀՀԿ նախկին անդամներ Աշոտ Բաղդասարյանը և Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)։ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն 2023 թվականի մարտի 23-ին 1,1 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման նպատակով նեմուծված՝ 23 մլն դրամ արժողությամբ մետաղական հավաքովի կոնստրուկցիայի ներմուծման համար։ 

Այս ընկերությունը դեռևս 2016-ին 110 մլն դրամի չափով տուգանվել էր՝ շուկայում մրցակցային պայմանները խախտելու և ապրանքի գինն անհարկի բարձրացնելու համար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Դիլիջանում գտնվող՝ Հակոբ Հակոբյանին պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարան, որտեղ հատուկ շեշտել էր՝ այդուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ:

«Շինվեկտոր» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ գլխավորած հիմնադրամին է փոխանցել 8 մլն դրամ նվիրատվություն։ Այս ընկերությունը մեր ընտրած ժամանակահատվածում որևէ արտոնություն չի ստացել, փոխարենը մաքսատուրքի վճարից ազատվել է ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն։ «Շինվեկտոր» ՍՊԸ-ի 10% բաժնետերն է Ժորա Սարգսյանը, որը նաև 40% մասնաբաժին ունի «Գրին սոլուշնս» ընկերությունում։ Այս ընկերությունը 2024-ի հուլիսին 93,6 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել գերժամանակակից ջերմոց կառուցելու նպատակով 1.85 մլրդ դրամի հումքի ներմուծման համար։

Հիմնադրամի մյուս նվիրատուն «Պրինտարմ Դանվեստ» ընկերությունն է, նվիրատվության չափը՝ 5 մլն դրամ։ Այս ընկերությունը 2023-ի հուլիսին 193 մլն դրամի չափով արտոնություն է ստացել խմիչքի, ծխախոտի, անձեռոցիկի տուփերի արտադրության նպատակով 3.8 մլրդ դրամի հումքի ներմուծման համար։ Բացի հիմնադրամին նվիրատվություն կատարելուց՝ «Պրինտարմ Դանվեստի» 34% բաժնետեր Անդրանիկ Բախտավորյանը 2024 թվականին 1․5 մլն դրամ է փոխանցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 

«Սան ֆուդ» ընկերությունը ևս «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներից է։ Ընկերությունը 2 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին։ «Սան ֆուդը» զբաղվում է կետչուպ, մայոնեզ, սպրեդ, բուսական ծագում ունեցող մթերքների արտադրությամբ։ Այս ընկերությունը 2023-ին և 2024-ին մաքսատուրքից ազատման երկու արտոնություն է ստացել՝ 72․7 մլն և 322.4 մլն դրամի չափով հումքի ներմուծման համար։ 

Առաջիկայում կհրապարակվեն նաև կուսակցությունների 2025 թվականի հաշվետվությունները, որտեղ հնարավոր է մաքսատուրքից ազատված գործարարների նոր անուններ լինեն։ Ուշադրության արժանի դեպքերի առկայության դեպքում «Ինֆոքոմը» կանդրադառնա նաև 2025 թվականի հաշվետվություններին։ 

 

Տվյալների հավաքագրմանը աջակցեց Յուրի Ագաֆոնովը։