ԱԳՆ-ում բարձր են գնահատել մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փետրվարի 4-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության պետ Ֆուսատո Տանակայի, ինչպես նաև Ճապոնիայի գործադիր ասոցիացիայի (ROTOBO) Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նախընթաց տարիների ընթացքում մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտար ոլորտներում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվեցին մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները, թվում՝ նախորդ տարվա հունիսին Ճապոնիայի Գունմայի նահանգի Տակասակի քաղաքում Ասիայում առաջին «Թումո» կենտրոնի բացումը։

Կողմերը անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարվա ապրիլին կայանալիք «JAPAN IT Week» միջոցառմանը հայաստանյան ընկերությունների մասնակցության հետ կապված աշխատանքներին։

Մտքեր փոխանակվեցին նաև համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության շուրջ։ Քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)` ՀՀ կողմից հյուրընկալման շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը։

Ճապոնիայի գործարար ասոցիացիայի Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով այդ հարցում Ճապոնիայի բիզնես ասոցիացիայի հետ հաստատված համագործակցությունը։

Այդ համատեքստում կարևորվեցին «ROTOBO»-ի հետ նախորդ տարվա ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, որոնք խթան են հանդիսացել Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հաստատման համար։ Առանձնացավ «Japan-Armenia Network for Investment Environment Improvement» կայքի գործարկումը։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին ընթացիկ տարվա մարտին Տոկիոյում կայանալիք «FOODEX JAPAN 2026» ցուցահանդեսին հայկական գինեգործական ընկերությունների մասնակցության կարևորությունը, ինչը կնպաստի հայկական գինեգործական արտադրանքի՝ ճապոնական շուկայում ներկայացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն