ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՆԲ ներկայացուցիչները վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 5–ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և ապագա նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը՝ հատկապես մարդկային կապիտալի զարգացման, կրթական ենթակառուցվածքների բարելավման ու որակյալ կրթության հասանելիության ապահովման համատեքստում։

Առանձնակի կարևորվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ ԵՆԲ աջակցությամբ Սյունիքի մարզում ներկայում աշխատանքներ  են իրականացվում մասնագիտական կրթության ոլորտում ենթակառուցվածքների  բարելավման և զարգացման ուղղությամբ, որի շրջանակում նախատեսվում են նաև միջին մասնագիտական երկու հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքներ ու գույքով և ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով համալրում։

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է դառնա մարզային տնտեսության ողնաշարը՝ պատրաստելով մասնագետների, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ շեշտելով դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և վերանորոգման ծրագրի հաջորդ փուլի շրջանակում ակնկալվող համագործակցությունն ու կրթության ոլորտում նախատեսվող այլ կարևոր նախաձեռնություններ։

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ վերահաստատելով փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն