Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման նոր միասնական կարգը:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նոր կարգավորման նպատակն է ապահովել ընդունելության և ավարտական քննությունների գործընթացների առավել համակարգված, թափանցիկ և միասնական կազմակերպում՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, պահանջներ և ընթացակարգեր։ Այն ուղղված է մշակութային կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողությունների արդար և համարժեք գնահատմանը, ինչպես նաև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը։

Կարգը սահմանում է ընդունելության փուլերի կազմակերպման, քննությունների անցկացման, գնահատման սկզբունքների, ինչպես նաև արդյունքների ամփոփման, բողոքարկման և փաստաթղթավորման ընթացակարգերը՝ հաշվի առնելով մշակութային կրթության առանձնահատկությունները։

Նոր կարգի ներդրումը կարևոր քայլ է ոլորտի զարգացման և կրթական գործընթացների կատարելագործման ուղղությամբ` հաշվի առնելով, որ մինչ այժմ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում չի գործել միասնական կարգ. տարբեր կրթական հաստատություններում կիրառվել են տարբեր մոտեցումներ և ընթացակարգեր։

Կարգը նախատեսված է համայնքային և պետական դպրոցների համար, որոնք առաջնորդվում են ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններով» և համապատասխան առարկայական ծրագրերով:

Ընդունելություն

Ըստ կարգի՝ դպրոց ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Լրացուցիչ ընդունելություն կարող է կազմակերպվել միայն առկա ազատ տեղերի պարագայում։

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է տարիքային երկու խմբերի համար՝

յոթնամյա կրթության դեպքում՝ 6-9 տարեկան երեխաներ,

հնգամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաներ,

քառամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաներ:

Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով՝ ըստ ծրագրի ուղղվածության: Յուրաքանչյուր բաժնի համար հաստատվում են համապատասխան առաջադրանքների ցանկը, բարդության մակարդակները և գնահատման ցուցանիշները։ Դրանք մշակվում են դպրոցի կողմից և հրապարակվում ընդունելության նախաշեմին՝ ոչ ուշ, քան ընդունելության մեկնարկից 21 օր առաջ հաստատության տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցի էջում:

Դիմորդների գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափորոշիչներով՝

երաժշտություն – լսողություն, ռիթմի զգացողություն, հիշողություն,

կերպարվեստ – գծագրություն, գունային զգացողություն, գեղագիտական մտածողություն,

պարարվեստ – ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, պարայնություն

թատերարվեստ  – արտահայտչականություն (արտիստիզմ), ռիթմի զգացողութ,յուն, երևակայություն, բեմում ինքնազգացողություն և ազատություն,

ինտերակտիվ հաղորդակցություն։

Ընդունելության արդյունքների հրապարակումից հետո ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) կարող է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բողոք, որը բողոքարկման հանձնաժողովը քննարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում վերջնական որոշում՝ դիմորդի կրկնակի ընտրության նպատակահարմարության վերաբերյալ։ Ընդունելության արդյունքների հաստատումից հետո դպրոցի և ծնողի միջև կնքվում է պայմանագիր:

Ավարտական քննություններ

Դպրոցում ծրագրի ամբողջական ավարտից հետո սովորողը մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը հանձնում է ավարտական քննություն, որը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին և նախատեսված է գնահատելու նրա ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական առաջընթացը:

Քննությունների անցկացման վայրն ու ժամանակացույցը հրապարակվում են դպրոցի տեղեկատվական վահանակում, ինչպես նաև պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)՝ քննությունից առնվազն 10 օր առաջ։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար քննությունները կազմակերպվում են անհատական մոտեցմամբ և հարմարեցված պայմաններով՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական, զգայական կամ այլ առանձնահատկությունները։

Ըստ կարգի` հաշմանդամություն ունեցող դիմորդների և սովորողների համար պետք է ապահովվեն մատչելի կրթական միջավայր, ստեղծագործական ունակությունների գնահատման հարմարեցված պայմաններ և անհատական մոտեցում՝ հաշվի առնելով սովորողի առանձնահատկությունները։

Քննությունների կազմակերպման նպատակով դպրոցում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր ծրագրի կամ առարկայական ուղղվածության համար առանձին։

Քննության արդյունքները գնահատվում են տասը միավորային սանդղակով՝

9, 10 միավոր – գերազանց

6, 7, 8 միավոր – լավ

3, 4, 5 միավոր – բավարար։

Անբավարար գնահատական (2 և ցածր) ստացած սովորողին տրվում է կրկնակի քննություն հանձնելու հնարավորություն՝ դպրոցի սահմանած կարգով և ժամկետներում: Քննությունների ընթացքում սովորողին արգելվում է արտաքին օգնություն ստանալ, ինչպես նաև օգտագործել բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր։ Ավարտական փաստաթուղթ ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները. քննությունը հանձնած են համարվում առնվազն 3 միավոր ստացած սովորողները։

Նշենք, որ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների անցկացման նոր կարգի հաստատումը բխում է «Կրթության մասին» օրենքի փոփոխություններից և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն