factor.am Լեհաստանը և Ուկրաինան զենքի ու զինամթերքի համատեղ արտադրության մտադրության մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մենք ստորագրել ենք մտադրությունների հռչակագիր, և սրանք պարզապես մտադրություններ չեն։ Սա անցում է գործնական համագործակցության։ Սա մեր նպատակն է եղել մի քանի ամիս։ Մենք քննարկել ենք սա և զգալի ջանքեր ենք գործադրել Լեհաստանի և Ուկրաինայի ձեռնարկություններում համատեղ պաշտպանական արտադրության գաղափարն իրականություն դարձնելու, տեխնոլոգիաների փոխանակումը անհնար կամ բարդացնող խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Տուսկը։
Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ Ուկրաինան և Լեհաստանը մտադիր են համատեղ արտադրել «անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան, որն արդեն չորս տարի է՝ հետ է մղում Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժումը, «ունի ամենամեծ փորձը ժամանակակից պատերազմում իրականում գործող զենքերի առումով»։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է Կիևին փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի դիմաց։
«Գիտեմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, որոշակի տեսակի հրթիռներ։ Մենք չենք կարող օգնել ամեն ինչով, բայց եթե ՄիԳ-եր անհրաժեշտ լինեն, Լեհաստանը պատրաստ է անմիջապես փոխանցել դրանք։ Մենք խոսում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին, քանի որ ցանկանում ենք Լեհաստանում ստեղծել արդյունավետ պաշտպանություն անօդաչու թռչող սարքերի դեմ»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում