ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ․ Թրամփ | civilnet.am

civilnet.am Միացյալ Նահանգները «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո:

«Իրանը, կարծես, շատ է ուզում գործարք կնքել: Պետք է տեսնենք, թե ինչ գործարք է դա», – ասել է նախագահը Air Force One ինքնաթիռի վրա։

ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Սրանք առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև՝ 2025-ի ամռանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումներից հետո։

Բանակցություններին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և ԱՄՆ-ի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, ինչպես նաև Ջարեդ Քուշները՝ Թրամփի փեսան: Բանակցությունները եղել են անուղղակի՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, որն առանձին-առանձին հանդիպել է յուրաքանչյուր կողմի հետ։

Օմանի պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում նաև երևում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը, ով նույնպես ներկա է եղել հանդիպումներին։

Արաղչին իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է «նախնական պլան»՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև «ընթացիկ իրավիճակը կարգավորելու» համար․ հաղորդել են իրանական լրատվամիջոցները։

Այնուհետև Օմանի պաշտոնյան պլանը փոխանցել է Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակությանը, ամերիկյան պատասխանն էլ բանակցությունների ընթացքում կհանձնվի իրանական կողմին։

CNN-ը գրում է, որ բանակցությունների շրջանակը անհասկանալի էր։ Հանդիպումներից առաջ իրանական պաշտոնյաները պնդում էին, որ ցանկանում են քննարկել միայն միջուկային ծրագրին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ն պահանջել է ավելի լայն քննարկումներ, որոնք ներառում են բալիստիկ հրթիռները, Թեհրանի զինված պրոքսիները, որոնք դեռ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի համար, և Իրանի վերջին դաժան ճնշումները՝ բողոքի ակցիաների դեմ։

Երկու կողմերն էլ համաձայնել են անցկացնել հետագա քննարկումներ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն