armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման հրետանային ստորաբաժանումների ղեկավարին սպանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրությունում։
«Այսօր (փետրվարի 9-ին – խմբ.) Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Յանուխայի շրջանում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի հրետանու ղեկավարի պաշտոնը»,- նշված է հայտարարությունում։
Զինվորականները նշել են, որ սպանվածը պատասխանատու էր մարտական գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորների նկատմամբ ձեռնարկված բազմաթիվ հարձակումների համար, իսկ վերջին շրջանում զբաղվում էր Լիբանանի հարավում խմբավորման ռազմական կարողությունների վերականգնմամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ տեղյակ է հարվածի ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու մասին հաղորդագրություններին։
«Հարվածից առաջ միջոցներ էին ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար և միջոցներ է ձեռնարկում վնասը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար։ Միջադեպը հետաքննվում է»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկրի հարավում գտնվող Յանուխ բնակավայրում 3 քաղաքացու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի զոհվելու մասին։