Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, ըստ հիմնավորման, «հստակեցվում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները»:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Առաջարկվող փոփոխություններն են.
««Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի:
Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով:
Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ռազմաուսումնական հաստատությունները ավարտածներին վերաբերող փոփոխությունը տարածվելո՞ւ է նաև դրսում կամ Հայաստանում ակադեմիա ավարտած սպաներին, Սուրեն Պապիկյանը բացակասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ դրույթը վերաբերում է միայն ՀՀ ռազմաուսումնական հաստատությունները 4-ամյա կամ 5-ամյա ծրագրով ավարտած սպաներին. «Որովհետև թե՛ «Պաշտպան հայրենյաց»-ի պարագայում, թե՛ ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու պարագայում քննությունների տեսակները և բովանդակությունը հավասարեցված է ատեստավորման քննությունների բովանդակությանը: Ավելին՝ հաճախ ավելի բարդ են»:
Խոսելով քննությունները գերազանց առաջադիմությամբ ավարտելու դեպքում աշխատավարձերի հնարավոր չափի մասին՝ Սուրեն Պապիկյանը թվեր ներկայացրեց. «Ըստ ուղղվածությունների՝ նրանց աշխատավարձը ակրող է տատանվել 620-750 հազար, բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ, որ 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, աշխատավարձը ավելի բարձրանա մինչև 820 հազար. սրանք կարող են հաճախ լինել մասնավոր դեպքեր:
Իսկ «Պաշտպան հայրենյաց»-ի դեպքում աշխատավարձը կարող է տատանվել 420 000-ից մինչև 550 000, բայց նաև մարտական տարբեր ծառայություններ կատարելու դեպքում այդ թվերը կարող են տատանվել, նաև բարձրանալ»:
Մանրամասնելով, որ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շուրջ 4000-ից ավելի ժամկետային զինծառայողն անցել է պայմանագրային զինծառայության, և որ այս հոսքը ավելացման միտում ունի, Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նաև նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը, ըստ որի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար նախատեսվում է պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավարություն՝ 2 տարվա դեպքում՝ 1.5 մլն, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ:
«Նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ ԶՈՒ ունենալու ՀՀ կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է ԶՈՒ-ում պայմանագրային զինծառայություն անցնելու հետ: Ընդ որում՝ կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ 2-րդ պայմանագրից հետո, առավելագույնը 30 տարեկանում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը»,- հայտնեց նախարարը:
Այս դրույթին ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կողմ արտահայտվեց՝ միաժամանակ ընդգծելով, որ անհավասար պայմաններ են ստեղծվում ավանդական ձևով պայմանագրային զինծառայություն իրականացնող սպաների համար: Նա առաջարկեց, որ մյուս խմբի համար ևս նմանատիպ հնարավորություններ նախատեսվեն:
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ / ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն / 05.12.2025