Արգելել օտարերկրյա ալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը. նոր կարգավորումները քննարկվում են ԱԺ-ում

ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր կարգավորումներ սահմանել Տեսալսողական մեդիայի ոլորտում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները խորհրդարանում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նշեց, որ փոփոխություններից մեկով առաջարկվում է, որ վերոնշյալ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսում ընդգրկված 26 հեռուստաալիքների համար, որոնք հասանելի են Հայաստանում բոլոր քաղաացիներին, այլև ցանցային օպերատորների, այսինքն՝ կաբելային հեռուստաալիքների համար: 

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է օտարերկյա տիրույթներում գտնվող, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակությունը կարգավորելուն:

Ըստ նախագծի՝ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: Վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ վերջնական որոշումը կայացված կլինի: Դրանք չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա օբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը»,- նշեց Հայրապետյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ առաջարկվում է շարադրել Հոդված 9, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքներին.

  1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝

1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

2) բռնություն եւ դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը.

3) ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

4) պոռնկագրություն տարածելը.

5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:

6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի […]:

Բացի վերոնշյալից՝ փոփոխություններ են առաջարկվում նաև տուգանքների մեջ, մասնավորապես, նախարարի խոսքով, սահմանվել են ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը ու դրանց կիրառման մեխանիզմները:

«Հնարավոր տարընթերցումներից և մանիպուլյացիոն մեկնաբանություններից խուսափելու համար ուզում եմ ասել, որ բոլոր կագավորումները վերցված են դեռևս 2010թ. Գործող ԵՄ համապատասխան ոլորտը կարգավորող եվրադիրեկտիվներից, ընդ որում՝ հնարավորնս ամենամեղմ ձևաչափով, որ չլինեն մեկնաբանություններ խոսքի ազատության սահմանափակման և գրաքննության վերաբերյալ»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն