aravot.am «Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով», –ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, նշել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը՝ թարգմանաբար.
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ բարեկամներ,
Անկեղծորեն ուրախ եմ ողջունել ձեզ մեր ընդունելությանը, որը նվիրված է Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական աշխատողի օրվան։
Այս տոնական ամսաթիվը կապված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության նախատիպը համարվող «Պոսոլսկի պրիկազի» մասին ամենավաղ՝ 1549 թվականի, հիշատակման հետ։
Այս օրը ռուս դիվանագետները հիշում են իրենց նախորդներին, հարգանքի տուրք մատուցում դիվանագիտական ծառայության փառավոր ավանդույթներին և տոնը կիսում դաշնակիցների ու գործընկերների հետ։
Այսօր մեր աչքի առաջ տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որը ցավոտ անցում է կատարում դեպի բազմաբևեռ համակարգ։ Առաջանում են քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական և ֆինանսական նոր կենտրոններ։
Դեռևս վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության հստակ պարամետրերի մասին, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դրա հիմքում պետք է դրվեն իրական հավասարությունը, համաձայնության մշակույթը և փոխադարձ շահերի հաշվառումը։ Այս սկզբունքներով են առաջնորդվում նոր տիպի բազմակողմ միավորումները՝ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը։
Մեկ այլ բան ևս կարելի է հստակ ասել՝ «կոլեկտիվ Արևմուտքի» անբաժան գերիշխանության դարաշրջանը, որը սովոր չէր հաշվի նստել մնացած աշխարհի հետ, ավարտվում է։ Այս պատմական գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։
Հարավային Կովկասի տարածաշրջանը նույնպես զգում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը։ Այս ոչ հեշտ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն է պահանջում՝ պահպանելու և բազմապատկելու երկկողմ համագործակցության կուտակված ներուժը։ Հույս ունեմ, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ խթան է հաղորդել վերջերս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցը Մոսկվա։
Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Վստահ եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ում անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում