ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցվում է ՀՀ օրհներգի՝ օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափերը: Ըստ հիմնավորման՝ սա «կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն բոլոր պետական և հասարակական մակարդակներում»։
2025թ. մարտի 5-ին ամրագրվել են օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով (տարբերակները կարող եք տեսնել այստեղ), սակայն մինչ այս կարգավորված չէին այս խմբագրությունների կիրառման կանոնները:
«Այս որոշմամբ սահմանվում է, թե որ իրավիճակներում պետք է կիրառվեն օրհներգի կարճ կամ երկար տարբերակները, կանոնակարգվում են օրհներգի կատարման ձևերն ու գործիքավորումը՝ նվագախմբային, երգչախմբային, ձայնագրությամբ, մեներգի կամ այլ կազմերի կատարմամբ, միջոցառման ձևաչափից ելնելով թույլ տալու օգտագործել համապատասխան խմբագրություններ՝ առանց խախտելու օրենսդրության պահանջները, խուսափելու ձևական, ոչ պատշաճ կամ հակասական կատարումներից՝ հատկապես կրթական, պաշտոնական և միջազգային միջոցառումների ժամանակ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագիծը զեկուցելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ըստ էության օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ կենդանի կատարումը. «Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում ենք արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով»:
Անդրեասյանը նշծեց, որ կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել այլ, ոչ պետական կազմակերպությունների ու այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների սկզբում. «Այստեղ կենդանի կատարումը բնականաբար նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են»:
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններին, նախարարը նշեց, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին հնչող օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ:
Կարգավորվում է նաև ունկնդիրների պահվածքը, մասնավորապես՝ օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը պետք է հոտնկայս իրականացնել՝ աջ ձեռքը կրծքին դրված, եթե չկա օբյեկտիվ անհնարինություն:
Ըստ հիմնավորման՝ մինչ օրս գործող կարգում չկա իրավական հետևանքների սահմանում այն դեպքերի համար, երբ օրհներգը չի կատարվում օրենքի պահանջներին համապատասխան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագիծը քննարկելիս անդրադարձավ ՀՀ օրհներգի տեսահոլովակին, որը հրապարակվում է Հանրային հեռուստաընկերությամբ, նա առաջարկեց խնդրել Հանրային ՀԸ-ին փոխել այն: