Նավալնին սպանվել է էկվադորյան գորտի թույնից․եվրոպական 5 երկրների հայտարարությունը | azatutyun.am

azatutyun.amՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։

Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունների հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։

Հայտարարությունում ընդգծվում է, թե Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Նավալնին մահացել է բնական մահով, սակայն հաշվի առնելով նրա մարմնում թույնի առկայությունը և փաստը, որ Նավալնին մահացել է ռուսական գաղութում, երկրները եզրակացնում են, որ Ռուսաստանի իշխանություններն ունեին հնարավորություն և դրդապատճառ՝ ընդդիմության առաջնորդին թունավորելու համար։

«Միայն ռուսական պետությունն ուներ միջոցներ, դրդապատճառ և հնարավորություն մշակելու այս մահացու թույնը՝ թիրախավորելու Նավալնիին Սիբիրի ռուսական գաղութում նրա բանտարկության ժամանակ, և մենք նրա մահվան համար հենց Ռուսաստանին ենք պատասխանատու համարում», – ասվում է հայտարարությունում։

«Մենք հիմա գիտենք, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քիմիական զենք օգտագործել իր սեփական քաղաքացիների դեմ՝ իշխանությունը պահպանելու համար», – սոցցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հրապարակել է Նավալնիի կնոջ՝ Յուլյա Նավալնայայի հետ լուսանկար՝ գրելով, որ միայն Ռուսաստանի իշխանություններն ունեին Նավալնիին թունավորելու դրդապատճառ ու հնարավորություն։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն