Նեթանյահուն պահանջել է զրկել Իրանին ուրանի հարստացման հնարավորություններից | armenpress.am

armenpress.am Իսրայելը պահանջում է ոչ միայն դադարեցնել Իրանում ուրանի հարստացման գործընթացը, այլև մերժել Թեհրանի կողմից նման գործունեություն ծավալելու ցանկացած հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Երուսաղեմում առաջատար ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ խոսելով փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ Նեթանյահուն կրկին կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի հեռանկարները։

«Բայց ես ասել եմ, որ եթե հնարավոր լինի հասնել համաձայնության, այն պետք է պարունակի մի քանի կետեր, որոնք մենք կարևոր ենք համարում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար։ Նախ, բոլոր հարստացված նյութերը պետք է հեռացվեն Իրանից։ Երկրորդ, չպետք է լինի հարստացման ուղղղությամբ որևէ գործունեություն, այսինքն, պետք է ապամոնտաժվեն հարստացման հնարավորություն տվող սարքավորումները և ենթակառուցվածքները։ Եվ երրորդ, բալիստիկ հրթիռների հարցը նույնպես պետք է լուծվի», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Փետրվարի 6-ին Օմանում տեղի էր ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն