arm.sputniknews.ru Իրանում մի քանի ժամով կփակվեն Հորմուզի նեղուցի առանձին հատվածներ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունների անցկացման պատճառով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Ժամանակավոր սահմանափակումները սահմանվում են անվտանգության միջոցառումների պահպանման և մանևրների գոտում անվտանգ նավագնացություն ապահովելու համար։ Զորավարժություններում ներգրավված են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի մարտական ստորաբաժանումները և ծովային արագ արձագանքման ուժերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միջոցառումների նպատակն է վերահսկման և արձագանքման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև ծովային ուղիների անվտանգության պահպանումը։
Նշենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը փետրվարի 16–ին սկսել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» կոչվող զորավարժությունները։ Դրանց ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված անվտանգության սպառնալիքներին Հորմուզի նեղուցի շրջանում, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ ԱՄԷ-ին և Օմանին։