civilnet.am ԱՄՆ զինվորականները պատրաստ են հարվածել Իրանին արդեն այս հանգստյան օրերին, թեև նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք թույլատրելու է նման գործողությունները. հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սպիտակ տանը տեղեկացրել են, որ զինվորականները կարող են հարձակվել առաջիկա հանգստյան օրերին, ասել են աղբյուրները: Սակայն աղբյուրներից մեկը զգուշացրել է, որ Թրամփը առանձնազրույցներում փաստարկներ է ներկայացրել ինչպես ռազմական գործողությունների օգտին, այնպես էլ դրանց դեմ, և հարցումներ է անցկացրել խորհրդականների ու դաշնակիցների շրջանում՝ պարզելու լավագույն գործողությունների տարբերակը:
Վարչակազմի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի հանդիպել են Սպիտակ տան օպերատիվ խորհրդակցությունների սենյակում՝ քննարկելու Իրանում տիրող իրավիճակը, հայտնել է հանդիպմանը ծանոթ անձը: Չորեքշաբթի Թրամփին զեկուցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նախորդ օրը Իրանի հետ ունեցած իրենց անուղղակի բանակցությունների մասին: Պարզ չէր՝ արդյոք Թրամփը որոշում կկայացնի մինչև հանգստյան օրերը:
«Նա շատ ժամանակ է հատկացնում սրա շուրջ մտորումներին», – ասել է աղբյուրներից մեկը:
Մինչև հանգստյան օրերը հարվածելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին առաջինը հայտնել էր CBS News-ը:
Իրանցի և ամերիկացի բանակցողները երեքուկես ժամ շարունակ գրառումներ են փոխանակել երեքշաբթի Ժնևում կայացած անուղղակի բանակցությունների ժամանակ, թեև հեռացել են առանց հստակ հանգուցալուծման: Իրանի գլխավոր բանակցողն ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել «ուղենիշային սկզբունքների շուրջ», թեև ամերիկացի պաշտոնյան նշել է, որ «դեռևս շատ մանրամասներ կան քննարկելու»: