Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավը | armenpress.am

armenpress.am Իսրայելական ուժերը փետրվարի 19-ի գիշերը ռմբակոծություն են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ շրջանի Յարուն բնակավայրի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նաև թիրախավորվել է երկրի հարավում գտնվող Թաբնա բնակավայրը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Telegram ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող մի քանի տարածքներում։

Համաձայն հաղորդագրության՝ հարվածների թիրախում են հայտնվել զենքի պահեստներ, հրթիռային կայաններ և ռազմական օբյեկտներ, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է Իսրայելի բանակի և Իսրայելի Պետության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։

«Այս ենթակառուցվածքային օբյեկտների առկայությունը խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը։ ԻՊԲ-ն կշարունակի գործել՝ Իսրայելի Պետության դեմ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

2024 թ. նոյեմբերի վերջին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը հազարավոր խախտումներ է կատարել, որոնց հետևանքով հարյուրավոր լիբանանցիներ են զոհվել և վիրավորվել, ինչպես նաև լայնածավալ նյութական ավերածություններ են արձանագրվել։

Բացի այդ իսրայելական բանակը, չնայած հրադադարի համաձայնագրին, մասամբ է դուրս եկել Լիբանանի հարավից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն