Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյունի հետևից | azatutyun.am

azatutyun.am Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել:

Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:

«Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով», – «Ազատությանն» ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նա, հղում անելով բաց աղբյուրներին, նշեց՝ սպանության մեջ կասկածվող այս երկու անձանց նկատմամբ Ռուսաստանում նախկինում քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում կասեցվել են. «Մեկը՝ տղան, մեղադրվել է «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, որը քրեորեն հետապնդելի է ՌԴ-ում, քրեական գործ է հարուցվել, ճակատագիրը հայտնի չէ, այսինքն՝ պատասխանատվության չեն ենթարկել, իսկ մյուս աղջիկը՝ դանակով սպանություն կատարելու սպառնալիքի գործողության մեջ, որը նույնպես չի դատապարտվել: Պարզ է, որ այդ մեխանիզմը՝ քրեական հետապնդում, այնուհետև ստիպել համագործակցության կամ դառնալ գործիք, գործել է»:

Այշաթ Բայմուրադովայի ողբերգական մահից 4 ամիս անց Քննչական կոմիտեն դեռ չի ստացել դիակի փորձաքննության պատասխանը: Կնոջ ընկերները երկու վարկած են առաջ քաշում՝ թունավորում կամ խեղդամահություն:

Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը գտնվում է Երևանի դիահերձարաններից մեկում: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են Ռուսաստանի Դաշնություն՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։ Բայց երբ՝ քննիչը դեռ չի որոշել:

«Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողությանը։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա», – նշեց Սաքունցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն