«Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս այս գործով». ՔԿ-ն՝ Ծառուկյանի տան զննության մասին | news.am

 news.am ՀՀ քննչական ծառայությունը որևէ մեկնաբանություն չի տալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը իրականացվող զննության մասին։

«Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս այս գործով»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ այսօր զննություն է իրականացվել Ծառուկյանի տանը։ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը նշել էր, որ ոչ թե խուզարկություն է տեղի ունենում, այլ զննություն։

«Շատ կարևոր է նաև նշել, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Այսինքն ըստ էության այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլ տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ «Խուզարկություն» եզրույթը այստեղ օգտագործելը առհասարակ տեղին չի և այս պահին խուզարկություն տեղի չի ունենում»,–ասաց նա։

Հարցին՝ իրավապահ ո՞ր մարմիններն են կոնկրետ իրականացնում այդ զննությունը, փաստաբանը պատասխանեց, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Քննչական կոմիտեի, Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետները ուղղակի զննում են այդ տարածքը։ Դա սկսվել է առավոտյան աշխատանքային ժամի, եթե չեմ սխալվում 9:30-ի սահմաններում և կարծում եմ, որ շատ շուտով արդեն կավարտվի։

Ես այս պահին գործուղման եմ, իմ գործընկեր Սմբատ Մինասյանն է տեղում, ինքը քիչ առաջ է ինձ տեղեկացրել, որ շատ քիչ բան է մնացել անելու։ Ինքը հիմա քննչական գործողության է մասնակցում, որը տեսանկարահանվում է նաև և չի կարող պատասխանել զանգերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն