civilnet.am Մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում և առանց բիտումի է ասֆալտապատում: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղական Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Երևանի փողոցների փոսալցման աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին:
«Շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցներն այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է և ամբողջույթամբ շինարարի հաշվին, այսինքն, քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու և պետք է ստանա այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե՛ ավագանու որոշումներով, և թե՛ մեր ընթացակարգերով»,- ասաց Փամբուխչյանը։
Ձնհալից հետո մայրաքաղաքի փողոցներում բազմաթիվ փոսեր են առաջացել, որոնք ոչ միայն մեքենաների վնասման, այլև՝ խցանումների պատճառ են դարձել։
Վարորդների ահազանգերից օրեր անց՝ փետրվարի 13-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյբուքյան իր էջում գրեց, որ գիտեն, որ Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա քաղաքացիներին անհարմարություն է պատճառում։
«Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները»,- գրել էր քաղաքապետը։