Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ՄՄԿ-ի հետ համագործակցությունը Երևանում գրասենյակի հիմնումից ի վեր՝ կարևորելով հատկապես ՄՄԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները հասցեագրելու հարցում:
ԱԳ նախարարությունից փոխանցում են, որ Վահան Կոստանյանը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ թվում անդրադառնալով նաև «Փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ» փաստաթղթին, որն ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության ռազմավարությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային ապահովման և զբաղվածության ապահովման ծրագրերին: