hetq.am «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը հետ է ստացել մասնավոր 8 ընկերություններից 3-ում կատարած իր ներդրումները: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ):
Ֆոնդը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ից մինչ օրս՝ ՊԳԿԿ-ն:
Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:
Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու:
Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ էր՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:
2021-2023 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 6.649.718.618 դրամ, որը ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով 17,6 մլն դոլար է:
Ընդգծենք՝ ներդրումները կատարվել են ֆոնդի կառավարիչ ընկերության (2019-2024 թթ. ԱՆԻՖ-ին ենթակա) տնօրենների խորհրդի որոշումների հիման վրա: Իսկ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենը 2020-2024 թթ. եղել է Բելլա Մանուկյանը:
Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալում, եւ այն հիմնած Նիկոլ Փաշինյանի կառարությունն իր իսկ ձեռքով որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը, իրավապահների ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի ու մասնավոր գործընկերների հարաբերություններում:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով ԱՆԻՖ-ին առնչվող քրեական վարույթով նախաքննությանը, որն իրականացնում է Քննչական կոմիտեն, 2025-ի մայիսին հայտարարել էր, որ դրա եւ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Սիդ թու Ֆարմ», «Դոմ Արենա», «Գլոբալ Քոննեքթ», «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ների «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագներն են քննվում»: Սրանք այն ընկերություններից են, որոնք տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների ներդրումներ էին ստացել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել էր դրանց բաժնետեր:
2025 թ. օգոստոսի 28-ին Կառավարությունը որոշում կայացրեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսելու մասին: Գործադիրը թույլատրեց, որ պետական ֆոնդի կառավարիչն օտարի մասնավոր ընկերություններում ֆոնդի կատարած ներդրումների դիմաց ստացած բաժնետոմսերը: Օտարման գինը հաշվարկվել է այսպես՝ ներդրված գումար + դրա 10,27 %-ը յուրաքանչյուր տարվա համար:
Ֆոնդի կառավարիչը ներդրում ստացած ընկերությունների մյուս բաժնետերերին՝ մասնավոր գործընկերներին, պետք է առաջարկներ ուղարկեր՝ մինչեւ 2026 թ. մարտի 31-ը ձեռք բերել պետական ֆոնդին պատկանող բաժնետոմսերը: Այսինքն՝ Կառավարությունը նպատակադրվել էր մինչեւ այս տարվա մարտի վերջ ազատվել մասնավոր ընկերություններում ֆոնդի (այլ կերպ ասած՝ իր) ունեցած բաժնետոմսերից:
Առաջարկի հասցեատերերը կարող էին գրավոր համաձայնություն տալ մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 30-ը: Համաձայնությունը կարող էր լինել 2 ձեւի՝ կա՛մ ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերող մասնավոր գործընկերները պետք է կանխավճար մուծեին ստացած ներդրման չափով, իսկ մնացած գումարն էլ վճարեին մինչեւ այս տարվա մարտի 31-ը, կա՛մ պետք է մինչեւ 10 տարի մարման ժամկետով բյուջետային վարկ վերցնեին, ինչի համար, սակայն, անհրաժեշտ էր բանկային երաշխիք ներկայացնել:
Ֆոնդը ներդրումներ էր կատարել 10 ընկերություններում, սակայն 2022 թ. դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Այսինքն՝ բաժնետոմսերը գնելու առաջարկը 2025 թ. սեպտեմբերի 30-ին ներկայացվել է մնացած 8 ընկերություններում ֆոնդի մասնավոր գործընկերներին (տես ստորեւ):
Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ 8-ից 3-ը դրական են արձագանքել առաջարկին: Ընդ որում՝ դրանցից ոչ մեկը չի օգտվել բյուջետային վարկի տարբերակից:
«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ում ֆոնդի բաժնետոմսերը գնել է Ղազախստանի քաղաքացին
Առաջին գործարքը կնքվել է «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի, ավելի կոնկրետ՝ դրա բաժնետերերից մեկի հետ 2025 թ. նոյեմբերի 14-ին (բաժնետիրոջ անունը ՊԳԿԿ-ն չի հայտնել):
Հիշեցնենք, որ շշերի կափարիչների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 2023-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից ստացել էր 1.676.999.973 դրամ ներդրում, ինչի դիմաց ֆոնդը դարձել էր ընկերության 49 %-ի բաժնետեր (սա ֆոնդի ամենամեծ ներդրումն է մասնավոր ընկերություններում, գումարը նախատեսվել էր շշերի կափարիչների արտադրական հաստոցի արդիականացման, նոր կափարիչների արտադրության հոսքագծի ձեռքբերման եւ արտադրամասի վերանորոգման համար): Հաշվի առնելով նաեւ տոկոսագումարները՝ «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի մյուս բաժնետերերին առաջարկ էր արվել ֆոնդի 49 % բաժնետոմսերը գնել 2.118.744.370 դրամով:
Այսպիսով՝ նոյեմբերի 14-ին «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի մյուս 2 բաժնետերերից մեկն, ըստ ՊԳԿԿ-ի, ամբողջությամբ վճարել է վերոնշյալ 2,1 մլրդ դրամ գումարը, եւ համաձայնագիր է կնքվել ընկերության բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին: Նույն օրը կնքվել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը:
Մինչեւ այս գործարքը «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ի 43,3 %-ը պատկանում էր Ղազախստանի քաղաքացի Էռնեստ Ռուդիկին, իսկ մնացած 7,7 %-ը՝ ՀՀ քաղաքացի Հայկ Սուվարյանին, որը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ԿԲ նախկին աշխատակից Հրանտ Սուվարյանի որդին է, ինչպես նաեւ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի փեսան՝ դստեր ամուսինը:
«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ Ռուդիկն իրական սեփականատեր չէ, այլ ներկայացնում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Գագիկ Զաքարյանի շահերը: Իրական շահառուների հայտարարագրում այժմ տեսնում ենք, որ Ռուդիկը դարձել է «Յունիվերսալ Քլոզրս» ընկերության 92,3 %-ի բաժնետեր, ինչը նշանակում է, որ նա (Գագիկ Զաքարյանը) է գնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի ունեցած 49 %-ը:
Դավիթ Փափազյանի ընկերոջ ընտանիքը գնել է պետական բաժնետոմսերը
Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ն 2022-ին 700 մլն դրամ ներդրում էր ստացել պետական ֆոնդից (գնվել են բեռնատարներ), եւ վերջինս դարձել էր ընկերության 49 %-ի բաժնետեր: 51 %-ի տերն էլ ՀՀ քաղաքացի Սուսաննա Գեւորգյանն է, որի ամուսինը՝ ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Գրիգորյանը, ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերն է:
Գեւորգյան-Գրիգորյան զույգին առաջարկ էր արվել պետական ֆոնդին պատկանող 49 %-ը ձեռք բերել 921.229.384 դրամով:
2025 թ. դեկտեմբերի 24-ին «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ի եւ ֆոնդի միջեւ կնքվել է բաժնետոմսերի առքուվաճառքի նախնական պայմանագիր, որի հիման վրա դեկտեմբերի 29-ին ընկերութունը 700 մլն դրամ է փոխանցել ֆոնդի գանձապետական հաշվին, իսկ մնացած մոտ 221 մլն դրամը փոխանցվել է այս տարվա հունվարի 29-ին: Նույն օրը կնքվել են բաժնետերերի բաժնետիրական համաձայնագիրը փոփոխելու մասին համաձայնագիրն ու բաժնետոմսերի առքուվաճառքի հիմնական պայմանագիրը:
Ինչպես ասվեց վերեւում, իրավապահները, ի թիվս այլ ընկերությունների, քննում են «Գլոբալ Քոննեքթի» ու պետական ֆոնդի (դրա կառավարիչ ընկերության) «համատեղ գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ դրվագները»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
