hetq.am Ֆրանս-ամերիկյան դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում Փարիզում։ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սահմանափակել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի անմիջական շփումները ֆրանսիական կառավարության ներկայացուցիչների հետ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամերիկացի դիվանագետը չի ներկայացել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու ծայրահեղ աջ ակտիվիստի սպանության մասով ամերիկյան կողմի մեկնաբանությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիական կողմն իր դժգոհություն է հայտնել այս միջադեպի վերաբերյալ՝ տեղի ունեցածը գնահատելով որպես Ֆրանսիայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտություն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներին հրավիրել էր արտաքին քաղաքական գերատեսչություն այն բանից հետո, երբ Փարիզում ԱՄՆ դեսպանությունը տարածել էր 23-ամյա ակտիվիստ Քվենտին Դերանկի մահվան վերաբերյալ ամերիկյան վարչակազմի մեկնաբանությունները։
Դերանկը մահացել էր այս տարվա փետրվարի 12-ին Լիոնում տեղի ունեցած բախումների ժամանակ ստացած վնասվածքներից։ Դրանք տեղի էին ունեցել արմատական ձախ և ծայրահեղ աջ խմբերի միջև բողոքի ակցիայի ընթացքում, որն ուղղված էր «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության քաղաքական գործիչներից մեկի դեմ։
Բարոն դատապարտել էր ողբերգությունը քաղաքական նպատակներով շահարկելու փորձերը և հանդիպում նշանակել դեսպանի հետ, սակայն Քուշները, հղում կատարելով անձնական հանգամանքներին, իր փոխարեն ուղարկել էր դեսպանության մեկ այլ բարձրաստիճան դիվանագետի։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «դեսպանի առաքելության հիմնական պահանջների և իր երկիրը ներկայացնելու պատվի ակնհայտ թյուրըմբռնման» պայմաններում նախարարը խնդրել է, որպեսզի Քուշներին այլևս չտրամադրվի ֆրանսիական կառավարության անդամների հետ անմիջական շփումների հնարավորություն։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ նա կարող է շարունակել իրականացնել իր դիվանագիտական գործառույթները և պահպանել աշխատանքային կապերը։
Սա նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ Քուշները չէր ներկայացել Ֆրանսիայում ԱԳՆ-ում նշանակված մեկ այլ հանդիպմանը, որը վերաբերում էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից հակասեմականության դեմ պայքարի հարցում իր հնչեցրած քննադատությանը։ Այդ ժամանակ ևս խորհրդակցությանը մասնակցել էր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։