ՀՀ ԱԺ պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում այցելել է Բրյուսել

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում փետրվարի 24-25-ը եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն):

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը։

Այցը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի «Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի շրջանակում: Նպատակն էր խթանել միջխորհրդարանական երկխոսությունն ու խմբակցությունների միջեւ փոխգործակցությունը, ինչպես նաեւ ծանոթացնել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի գործունեությանը, ընթացակարգերին եւ ժողովրդավարության աջակցության գործիքակազմին:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ բոլոր քաղաքական խմբակցություններից՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալխաս Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի Հայաստանի համակարգող Նաչո Սանչես Ամորի գնահատմամբ ճանաչողական այցը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների համար եվրոպական խորհրդարանական մշակույթին տեղում ծանոթանալու, փորձի փոխանակում իրականացնելու եւ մասնագիտական կարողությունները խորհրդարանական գործունեության ոլորտում խորացնելու կարեւոր հնարավորություն է:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են Եվրոպական խորհրդարանի դերն արտաքին հարաբերություններում եւ ժողովրդավարության աջակցության գործընթացներում, Եվրոպական խորհրդարանի ընթացակարգային կանոնները եւ պատգամավորների վարքականոնը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին:

Հայ պատգամավորները նշել են, որ այցը եւս մեկ քայլ է Հայաստան-Եվրոպական միություն միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ եւ կարեւոր ներդրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում:

Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ վարչական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի, համազեկուցող Գեադիս Գեադիի, Եվրախորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Անդրեյ Կովաչեւի, Հելմուտ Բրանդշտատերի, Անդրեաս Շիդերի, Նիկոլաե Շտեֆանուտայի, Մոնիկա Հոլմայերի, Խուան-Ֆերնանդո Լոպես Ագիլարի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի, Եվրոպական խորհրդարանի DG EXPO-ի գլխավոր տնօրեն Պեդրո Դուչիի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն