ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Օլգա Գաբայանը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Օլգա Գաբայանն իր բացառիկ ձայնով, բարձրարվեստ կատարումներով և բեմական անկրկնելի ներկայությամբ կարևոր ներդրում է ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նվիրումով, մասնագիտական բարձր վարպետությամբ և հայրենի մշակույթի հանդեպ անսահման սիրով։ Տասնամյակներ շարունակ նա ոգեշնչել է ունկնդիրներին, կրթել նոր սերնդի արվեստագետների և արժանացել հանդիսատեսի խորը հարգանքին ու սիրուն։
Օլգա Գաբայանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը։ 1966–1994 թթ. աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի։ 1974 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984 թ. ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1992 թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ երգեցողության մասնագիտությամբ։ 2013 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2015 թ.՝ պրոֆեսորի: 2016 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Օլգա Գաբայանը հայկական օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է, որը տասնամյակներ շարունակ համադրել է բեմական և մանկավարժական գործունեությունը։
Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, հարազատների և գործընկերների, այլև ողջ մշակութային հանրության համար։ Օլգա Գաբայանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Օլգա Գաբայանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Օլգա Գաբայանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ին: