Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է Հայկ Եղյանը. փաստաբան | news.am

news.am Փաշինյանի հասցեին «TikTok» սոցիալական հարթակում վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է Հայկ Եղյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա փոխանցմամբ՝ ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել երկրի վարչապետ և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։

«ՔԿ-ն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է, նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս պահին քաղաքացին արդեն երկու օր է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի այս միջին ծանրության արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն․ արդյո՞ք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը։

Ես ստանձնել եմ քաղաքացու շահերի պաշտպանությունը, և կարծում եմ, որ սա նաև Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման անտեսում է, որով հակասահմանադրական է ճանաչվել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատասխանատվություն էր նախատեսում պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցնելու համար»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով, Քննչական կոմիտեն սրանով  քաղաքացիներին ենթարկում է քաղաքական ու քրեական հետապնդման. «Ամփոփ ասած, Հայկ Եղյանին կարելի է անվերապահորեն համալրել քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ցուցակում և այս մասին պետք է հրապարակային խոսել, բարձրաձայնել։

Ես վստահ եմ, որ Հայկ Եղյանը այս պահի դրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ, որովհետև մարդը ընդամենը իր քաղաքական խոսքը կոշտ և կոպիտ արտահայտելու համար ենթարկվում է փաստացի քրեական հետապնդման»,- ընդգծեց Երիցյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն