armenpress.am Հայաստանը հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։
Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի հարցին, թե եթե Իրանն ու ԱՄՆ-ն փոխզիջման չգան և տարածաշրջանում ճգնաժամ սկսվի, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի կայունության վրա։
«Ինչ վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին. գիտեք, Հայաստանը փոքր և համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին։ Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից։ Իհարկե, այս շատ փոփոխական և անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Եվ ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է, և մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք լայն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին»,- ասել է Փաշինյանը։