Մեքենաների գազաբալոնների վկայագրումը պարտադիր կտեսագրվի | civilnet.am

civilnet.am  Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կդառնա պարտադիր տեսագրվող՝ կեղծ տվյալների մուտքագրումը և անբարեխիղճ տնտեսվարողների մեքենայությունները կանխելու նպատակով։ Այս մասին կառավարության փետրվարի 26-ի նիստին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ… առանց վկայագրման ծառայության մատուցման»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ռիսկերը չեզոքացնելու համար առաջարկվում է ներդնել տեսագրման պահանջը։

Ըստ նոր նախագծի՝ լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր կլինեն՝ տեսագրել վկայագրման գործընթացը, պահպանել տեսագրությունները արտադրական բազաներում առնվազն վեց ամիս ժամկետով։

Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս նոր գործիքակազմը հնարավորությոն կտա տեսչական մարմնին և նախարարությանը ուսումնասիրել տեսագրությունները, հայտնաբերել թերությունները և հիմքեր ապահովել անբարեխիղճ լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ վարչարարություն իրականացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն