Եվս 3 ամիս կշարունակվի 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման մեջ՝ այդպիսով երկարացնելով 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը:
Որոշմամբ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսները) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:
«Նախագծի ընդունման դեպքում, ըստ նախնական կանխատեսման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա տեղեկատվության, միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը 2026թ. հունվար ամսվա համար կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքների, իսկ 2026թ. փետրվար և մարտ ամիսների համար` 8 անհայտ կորած անձանց ընտանիքների՝ 2026թ. հունվարին որոշման շրջանակում շահառու 3 անձանց՝ ՀՀ վերադարձի հանգամանքով պայմանավորված»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 8,1 միլիոն դրամ: