armenpress.am ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները տեղի են ունենում կառուցողական ոգով, բանակցողները ցուցաբերում են աննախադեպ պատրաստակամություն նոր և ստեղծագործական գաղափարների նկատմամբ։ Այս մասին ասել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին, որի խոսքերը մեջբերել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը X-ում գրառման մեջ։
«Արտաքին գործերի նախարարն այսօր առավոտյան Ժնևում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ իրանաամերիկյան բանակցությունների շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմի տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև ամերիկյան բանակցային թիմի պատասխաններն ու հարցումները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հիմնական տարրերի և այս կարևոր հարցի վերաբերյալ բոլոր տեխնիկական և մոնիթորինգային ասպեկտներով ցանկալի համաձայնության հասնելու համար անհրաժեշտ երաշխիքների հետ», – նշված է գրառման մեջ։
Ըստ գերատեսչության գրառման՝ Ալ-Բուսայիդին պարզաբանել է, որ ջանքերը «շարունակվում են ինտենսիվորեն և կառուցողական ոգով՝ նոր և ստեղծագործական գաղափարների և լուծումների նկատմամբ բանակցողների աննախադեպ պատրաստակամության ֆոնին՝ ստեղծելով պայմաններ, որոնք կնպաստեն առաջընթացին և կհանգեցնեն արդար համաձայնագրի՝ կայուն երաշխիքներով»։
Նախարարի մեկնաբանությունները հրապարակվել են փետրվարի 26-ի առավոտյան՝ Ժնևում Օմանի միջնորդությամբ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից առաջ։