Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը

Թրամփը հաստատում է, որ ԱՄՆ-ն մասնակցում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։

«Կարճ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ Իրանում»,- հայտարարել է Թրամփը։

«Մեր նպատակը ամերիկացի ժողովրդին պաշտպանելն է՝ վերացնելով Իրանի ռեժիմից բխող անմիջական սպառնալիքները»,- ասել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանից եկող սպառնալիքներն ուղղակիորեն վտանգում են Միացյալ Նահանգները, ԱՄՆ զորքերը, արտասահմանում գտնվող իրենց ռազմաբազաները և ԱՄՆ դաշնակիցներին ամբողջ աշխարհում։

«Վերջին տարիներին ռեժիմի հովանավորած ուժերը շարունակել են անթիվ հարձակումներ գործել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի, ինչպես նաև միջազգային ծովային ուղիներում գտնվող ԱՄՆ ռազմածովային և առևտրային նավերի դեմ։ Սա եղել է զանգվածային ահաբեկչություն, և մենք այլևս չենք հանդուրժելու դա։ Լիբանանից մինչև Եմեն, Սիրիայից մինչև Իրաք՝ ռեժիմը զինել, պատրաստել և ֆինանսավորել է ահաբեկչական խմբավորումներ, որոնք երկիրը ողողել են արյամբ»։

ԱՄՆ նախագահը հայտարարում է, թե «Իրանը աշխարհի թիվ մեկ պետությունն է ահաբեկչության հովանավորության մեջ». «[Իրանը] վերջերս տասնյակ հազարավոր սեփական քաղաքացիներ է սպանել փողոցներում բողոքների ժամանակ»։

«Միացյալ Նահանգների քաղաքականությունը, մասնավորապես իմ վարչակազմի, միշտ եղել է այն, որ այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Կրկնում եմ՝ նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք։ Այդ պատճառով անցյալ տարվա հունիսին «Midnight Hammer» գործողության ընթացքում մենք ոչնչացրինք ռեժիմի միջուկային ծրագիրը Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում։

Այդ հարձակումից հետո մենք զգուշացրինք նրանց երբեք չվերսկսել միջուկային զենքի ստեղծման իրենց չարամիտ ծրագրերը և բազմիցս փորձեցինք համաձայնության գալ։ Մենք փորձեցինք։ Նրանք ուզում էին դա անել։ Նրանք չէին ուզում դա անել։ Կրկին՝ ուզում էին անել, հետո չէին ուզում։ Նրանք չգիտեին, թե ինչ է կատարվում։ Նրանք պարզապես ուզում էին գործել չարիք։ Բայց Իրանը հրաժարվեց, ինչպես մերժել է տասնամյակներ շարունակ»։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մերժել են միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և ԱՄՆ այլևս չի կարող հանդուրժել դա.

«Փոխարենը նրանք փորձեցին վերակառուցել իրենց միջուկային ծրագիրը և շարունակել հեռահար հրթիռների զարգացումը, որոնք այժմ կարող են սպառնալ Եվրոպայում մեր բարեկամներին ու դաշնակիցներին, արտասահմանում տեղակայված մեր զորքերին և շուտով կարող են հասնել ամերիկյան հայրենիքին։

«Այս պատճառներով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն՝ կանխելու այս չար, ծայրահեղական բռնապետության սպառնալիքը Ամերիկային և մեր ազգային անվտանգության կենսական շահերին։ Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները և հիմնահատակ կքանդենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։ Այն ամբողջությամբ կջնջվի։

Մենք ոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ Մենք կապահովենք, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբերը այլևս չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը և հարձակվել մեր ուժերի վրա։ Եվ մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա»։

Թրամփը չի բացառել, որ ամերիկյան կողմը զոհեր կունենա. «Հնարավոր է, որ քաջարի ամերիկացի հերոսների կյանքեր կորչեն, և կարող են լինել զոհեր։ Դա հաճախ է պատահում պատերազմում։ Բայց մենք դա անում ենք ոչ թե այսօրվա համար, այլ ապագայի համար, և դա ազնիվ առաքելություն է»։

Թրամփը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և բոլոր ոստիկաններին կոչ է արել վայր դնել զենքերը. «Այդ դեպքում կստանաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում կբախվեք անխուսափելի մահվան։ Վայր դրեք ձեր զենքերը»։

Իսկ Իրանի ժողովրդին Թրամփը կոչ է արել մնալ տներում, քանի որ դրսում շատ վտանգավոր է. «Ռումբեր են ընկնելու ամենուր»։

«Երբ մենք ավարտենք, վերցրեք ձեր կառավարությունը ձեր ձեռքը։ Այն ձերն է վերցնելու համար։ Սա, հավանաբար, ձեր միակ հնարավորությունն է շատ սերունդների համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն