Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) և Ալ Մաքթում օդանավակայանը (DWC) դադարեցրել են իրենց աշխատանքները, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Դուբայի օդանավակայանների կայքը։
Երկու օդանավակայաններն էլ փակ կլինեն մինչև հետագա ծանուցում։
Ուղևորներին խորհուրդ է տրվում չմեկնել օդանավակայան և անմիջապես կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ չվերթի մանրամասները ճշտելու համար։
DXB-ն աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է։ 2025 թվականին այն սպասարկել է ավելի քան 95 միլիոն ուղևոր։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։